ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտենալ այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի, Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Յեսսիկա Ռոզենկրանցի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրուցակիցներն ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, որն արտացոլվել է համագործակցության տարբեր ոլորտներում և ներկայումս բանակցվող գործընկերության նոր օրակարգի նախագծում։
Միրզոյանը զրուցակցին տեղեկացրել է Հայաստանի «հասարակության շրջանում ԵՄ հետ գործընկերության խորացման շուրջ ակտիվ քննարկումների մասին»։
ՀՀ ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հիմնական զարգացումների մասին։
Փետրվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է դառնալ ԵՄ անդամակցության թեկնածու։ Մարտի 13-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը քննարկելու առաջարկին։ Մայիսի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենի Ժողովրդավարության գագաթնաժողովի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է այս տարի Հայաստանը տեսնել որպես Եվրամիության անդամ։
Հունիսի 21-ին Հայաստանի խորհրդարանը լսումներ էր անցկացրել ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ։ Հուլիսի 1-ին Հայաստանի ժողովրդավարության ֆորումի ժամանակ Փաշինյանը ոչ նպատակային էր անվանել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը։
Հոկտեմբերի 25-ին ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացին նպաստող օրինագծի ընդունման համար ստորագրահավաք նախաձեռնած խումբը հայտնել էր, որ հավաքվել է անհրաժեշտ թվով ստորագրություն։