Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը ժամանել է Հայաստան, հայտնել է «Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Օլեգ Դուլգարյանը։
«Այսօր մեծ պատասխանատվությամբ և բավականությամբ Հայաատան-Վրաստան սահմանին գործընկերների հետ դիմավորեցի շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգին, ով ժամանել է Հայաստան՝ բոյկոտելով Բաքվում անցկացվող COP29-ը»,- Facebook-ում գրել է Դուլգարյանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թունբերգը կժամանի Հայաստան։ Նոյեմբերի 12-ին Թունբերգը Թբիլիսիում բողոքի ակցիա էր իրականացրել՝ ընդդեմ Բաքվում անցկացվող COP29-ի։
Թունբերգը բողոքի ակցիա իրականացնելու մտադրության մասին հայտարարել էր նոյեմբերի 11-ին։ The Guardian-ի հոդվածում նա երկրներին կոչ էր արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ և հորդորել դիվանագիտական ջանքերով հասնել հայ պատանդների ու բոլոր գերիների ազատմանն ադրբեջանական բանտերից։
COP29-ը Բաքվում մեկնարկել է նոյեմբերի 11-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 22-ը։