ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միլիարդատեր Իլոն Մասկին (SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր) և Վիվեկ Ռամասվամիին (Roivant Sciences կենսատեխնոլոգիական ընկերության ղեկավար) նշանակել է Կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավարներ, հայտարարել է ԱՄՆ ընտրված նախագահը, փոխանցել է CNN-ը։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ մեծն Իլոն Մասկը, աշխատելով ամերիկացի հայրենասեր Վիվեկ Ռամասվամիի կողքին, կղեկավարի Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE):
Թրամփի խոսքով՝ նոր դեպարտամենտի պարտականությունները կներառեն ԱՄՆ վարչակազմին կառավարական բյուրոկրատիայից ազատելը, չափից ավելի կանոնակարգման, վատնվող ծախսերի կրճատումը և դաշնային գործակալությունների վերակազմավորումը։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ նոր նախարարությունը մեր ժամանակների «Մանհեթենի նախագիծ» դառնալու ներուժ ունի (այս նախագծի շրջանակներում 20-րդ դարի կեսերին ԱՄՆ-ում ստեղծվել էր ատոմային ռումբ-խմբ.)։
Մասկը, մեկնաբանելով Թրամփի որոշումը, ասել է, որ նախարարության ստեղծումը կհանգեցնի «ԱՄՆ-ում բյուրոկրատիայի՝ վտանգի տակ հայտնվելուն»։
«Ժողովրդավարությա՞ն համար վտանգ, ո՛չ, վտանգ բյուրոկրատիայի համար»,- գրել է միլիարդատերը X-ում՝ ծաղրելով ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի հայտարարությունները, որոնք նախագահական ընտրություններում պարտվել են Թրամփին։ Նրանք երկուսն էլ բազմիցս Թրամփին անվանել են «ժողովրդավարության համար սպառնալիք»:
Թրամփի խոսքով՝ ծրագրում է, որ Մասկի և Ռամասվամիի աշխատանքը կավարտվի մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը, և ավելի արդյունավետ կառավարությունը «նվեր» կլինի երկրին Անկախության հռչակագրի ստորագրման 250-ամյակին։
«Կառավարության արդյունավետության գրասենյակը կաշխատի Սպիտակ տան և նրա կառավարման ու բյուջեի գրասենյակի հետ:
Նոր նախարարության DOGE հապավումը համընկնում է Dogecoin կրիպտոարժույթի անվան հետ, որը Մասկը քարոզում է։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում Մասկն ակտիվորեն աջակցում էր Թրամփին։