Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնապահ Գրիգոր Մանուկյանին դատարան ներկայանալու և Փաշինյանի վրա խնձոր նետելու գործով ցուցմունք տալու ծանուցում են ուղարկել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թիկնապահը, թերթի տեղեկություններով, վկայի կարգավիճակ ունի։
Թերթն օգոստոսին տեղեկացել էր, որ օգոստոսի 23-ի երեկոյան, երբ վարչապետն այցելել էր Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող իր հարազատներից մեկի տուն, 71-ամյա Ալբերտ Առստամյանը 9-րդ հարկի իր պատուհանից խնձոր էր նետել նրա ուղղությամբ։ Նույն օրն իրավապահները բերման էին ենթարկել տղամարդուն։ ՔԿ-ն նրա դեմ քրեական վարույթ էր հարուցել ՔՕ 297 հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով, որով նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետը երկու տարի է։
Օգոստոսի 25-ին «Փաստինֆոն»-ն հայտնել էր Առստամյանի ազատ արձակման մասին։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 71-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Հոկտեմբերի 9-ին թերթը գրել էր, որ գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։