ԱԺ-ում նոյեմբերի 13-ին՝ «Բյուջե-2025»-ի քննարկման ժամանակ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վիճել է ամբիոնից ելույթ ունեցող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։
Բանավեճը ՊՆ նախարարի ու պատգամավորի միջև սկսվել է այն բանից հետո, երբ Մանուկյանը քննադատել է զենքի ձեռքբերման մասին հրապարակումները և նախարարին առաջարկել է զենք ձեռք բերելիս վաճառող կողմից պահանջել որևէ հրապարակում չանել այդ մասին։
«Զենքի վաճառքը գաղտնիություն է պահանջում։ ՀՀ Զինված ուժերն այսօր դարձրել են Հնդկաստանի ռազմավարության գովազդային վահանակը։ Երեկ ամբողջ մամուլը գրում էր, որ Հնդկաստանից այսինչ զենքն ուղևորվում է Հայաստան։ Հնդկական մամուլը եթե չգրի, ոչ մեկ այստեղ չի համարձակվի գրել»,- ասել է պատգամավորը։
Այդ քննադատությանը ՊՆ ղեկավարը տեղից դիտողություններ հնչեցրեց, ինչին Մանուկյանը պատասխանեց, որ խոսքը ոչ թե հայկական լրատվամիջոցների հրապարակումների մասին է, այլ հնդկական։
Պապիկյանին միացել է նաև ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ պատասխանելով նկատառմանը, թե եթե հնդկական լրատվամիջոցները չգրեն, ապա հայկական լրատվամիջոցներն այս տեղեկությունը չեն վերահրապարակի։
Սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խնդրել է չխանգարել Մանուկյանին։ «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, չի կարելի խանգարել»,- ասել է նա Սուքիասյանին։
Ինչպես երևում է News.am-ի հրապարակած կադրերում, ելույթից հետո Մանուկյանը մոտեցել է Պապիկյանին ու տեղում շարունակել խոսակցությունը։
Նոյեմբերի 12-ին հնդկական մամուլը գրել էր, որ Հայաստան է ուղարկվում Akash զենիթահրթիռային համակարգերի առաջին մարտկոցը։
Օգոստոսի 8-ին Հնդկաստանը հայտարարել էր մինչև 2024 թվականի վերջը Հայաստանին Akash-1S զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մասին։ Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2024-25թթ․ ֆինանսական տարվա սկզբին Հնդկաստանից Հայաստանի սպառազինության ընդհանուր ներմուծումը հասել է 600 միլիոն դոլարի։
2024-ի փետրվարի 2-ին Պապիկյանը զենքի մատակարարման ոլորտում Հնդկաստանը և Ֆրանսիան անվանել էր Հայաստանի հիմնական գործընկերներից մեկը։ The Economic Times-ն ապրիլին գրել էր Հայաստանում ռազմական կցորդ նշանակելու Հնդկաստանի ծրագրերի մասին:
2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը Հնդկաստանի հետ 244 միլիոն դոլարի զենք գնելու պայմանագիր էր կնքել։ Հնդկաստանը 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային առաջին վեց համակարգերը Հայաստանին էր մատակարարել 2023 թվականի օգոստոսին։
Հնդկական պաշտպանական հետազոտական թևը 2023 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ Երևանը մտադիր է գնել 15 AAD համակարգեր Հնդկաստանից՝ Bharat Dynamics արտադրող ընկերությունից: