ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քննարկել է ռազմավարական գործարք կնքելու գաղափարը։ Այդ մասին վարչապետը հայտարարել է խորհրդարանում՝ բացահայտելով Կազանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Ալիևի հետ ունեցած զրույցի մանրամասները։
«Ուզում եմ գոհունակություն արտահայտել Ադրբեջանի նախագահի հետ իմ և ընդլայնված կազմով շփումների վերաբերյալ։ Այդքան երկար խոսակցություն վաղուց կամ ընդհանրապես չէինք ունեցել։ Իմ կարծիքով՝ խոսակցության ամենակարևոր հատվածն այն միտքն էր, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ համակեցության և գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության պայմանագրի և տարբեր պայմանագրերի, այլև, իմ կարծիքով, ռազմավարական գործարք կնքելու կարիք այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակում ենք առաջիկա 100-ամյակներում, որպես անկախ պետություն, պատրաստվում կողք-կողքի ապրել։ Կարծում եմ՝ սա ամենակարևոր և ֆունդամենտալ հարցն է»,- ընդգծել է Փաշինյանը։
Նա նշել է, որ ռազմավարական գործարքի գաղափարը հիմնված է «իրական Հայաստանի» հայեցակարգի վրա։
«Կազանում տեղի ունեցած կարևորագույն հաջորդ իրադարձությունն այն էր, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում կարող ենք ունենալ լուծում, որն, ըստ էության, կարող է հասցեագրել և փոխադարձ ու լիարժեքորեն լինել ընդունելի։ Այս առաջարկն արդեն գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին։ Խաղաղության պայմանագրի մնացած երկու հոդվածների վերաբերյալ մեր առաջարկները երեկ կամ նախորդ օրը փոխանցել ենք Ադրբեջանին»,- հավելել է վարչապետը։
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի սահմանադրությունը փոխելու կարիք չկա, քանի որ այն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում։
«ՀՀ սահմանադրության տեքստում որևէ դրույթ Լեռնային Ղարաբաղի մասին՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակիորեն չի պարունակվում»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում, քանի որ «նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը»։
Փաշինյանը և Ադրբեջանի նախագահը հանդիպել էին հոկտեմբերի 24-ին՝ Կազանում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք ԱԳՆ ղեկավարներին հանձնարարել էին շարունակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի շուրջ, քննարկել էին նաև սահմանազատման հարցը։ Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ԱԳ նախարարը, իսկ ադրբեջանական կողմից՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Մինչ երկկողմ հանդիպումը՝ Փաշինյանը և Ալիևը ԲՐԻԿՍ-ում զրույց էին ունեցել, որի ընթացքում նրանց էին միացել երկու երկրների արտգործնախարարները։
Հոկտեմբերի 29-ին «Հրապարակ»-ին հայտնի էին դարձել Կազանում Փաշինյանի և Ալիևի զրույցի մանրամասները։ Ըստ թերթի՝ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը քննարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև բեռնափոխադրումների վերականգնման հարցը և խոսել գերիների, այդ թվում՝ Բաքվում ապօրինի կալանավորված, Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի մասին։