Շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հայտնում է թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունը: Թունբերգը Հայաստան էր ժամանել՝ բոյկոտելու Բաքվում անցկացվող COP29-ը։
Նա անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Նշվում է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն անդրադարձել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Ակտիվիստը ծանոթացել է մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո գրառում է կատարել թանգարանի մատյանում։ Թանգարան-ինստիտուտի տարածքում շրջայցից հետո Թունբերգին են նվիրել Հայոց ցեղասպանության, արցախյան հիմնահարցի մասին պատմող գրքեր:
Նոյեմբերի 13-ին Թունբերգը ժամանել էր Հայաստան։ Նոյեմբերի 14-ին նա Երևանում մասնակցել էր Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների թեմայով քննարկմանը և հայտարարել, որ Ադրբեջանում COP29-ի անցկացումն ապտակ է աշխարհի դեմքին։
Նոյեմբերի 12-ին Թունբերգը Թբիլիսիում բողոքի ակցիա էր իրականացրել՝ ընդդեմ Բաքվում անցկացվող COP29-ի։
Թունբերգը բողոքի ակցիա իրականացնելու մտադրության մասին հայտարարել էր նոյեմբերի 11-ին։ The Guardian-ի հոդվածում նա երկրներին կոչ էր արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ և հորդորել դիվանագիտական ջանքերով հասնել հայ պատանդների ու բոլոր գերիների ազատմանն ադրբեջանական բանտերից։