ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հունգարիայի պատվիրակությանը` երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի գլխավորությամբ, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, անդրադարձ կատարել Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին:
Սիմոնյանն ու Կյովերը քննարկել են նաև միջխորհրդարանական համագործակցության, երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հետաքրքրության հարցերի լայն շրջանակ:
Սիմոնյանն իր հունգարացի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան:
Սեպտեմբերի 11-ին Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ նոյեմբերին՝ ԵՄ խորհրդում Հունգարիայի նախագահության ընթացքում, կհաստատվի Հայաստան-Եվրամիություն ընդլայնման ժամանակացույցը։
Մայիսի 6-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը և Հունգարիան պայմանավորվել են դիվանագիտական ներկայացուցչություններ բացել մայրաքաղաքներում՝ Բուդապեշտում և Երևանում։
2023 թվականի հոկտեմբերի 23-ին Սիյարտոն Հայաստան այցի ժամանակ հայտարարել էր, որ Հունգարիան Հայաստանին խնդրել է հյուպատոսություն բացելու թույլտվություն։ Նա նշել էր, որ վերսկսում են դիվանագիտական կապերը և կառուցում են այնպիսի համագործակցություն, որը կծառայի երկու երկրների շահերին: