ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի հինգերորդ մրցափուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0:1 հաշվով պարտվել է Ֆարերյան կղզիների ընտրանուն։
Խաղի ընթացքում երկրպագումները պահանջել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը՝ վանկարկելով «հեռացիր»։ Ակցիայի ընթացքում խաղը մի քանի րոպեով ընդհատվել է։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները կատարում է ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանը։
Նոյեմբերի 17-ին Հայաստանի հավաքականն արտագնա խաղում կմրցի Լատվիայի ընտրանու դեմ։
FAF-ի (Առաջին հայկական ճակատ) ֆան ակումբի ներկայացուցիչները հոկտեմբերի 13-ին Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում Հայաստանի ազգային հավաքականից կրած պարտությունից հետո, որին հաջորդել էր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հեռացումը, պահանջել էին Մելիքբեկյանի հրաժարականը։
ՀՖՖ-ն հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ Մելիքբեկյանի հրաժարականի հարցը չի քննարկվում։ Հոկտեմբերի 21-ին Մելիքբեկյանը հայտնել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
Հոկտեմբերի 31-ին ՀՖՖ-ի ղեկավարի հրաժարականի երկրպագուների պահանջին միացել էին «Ուրարտու», «Փյունիկ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները։
Ազգերի լիգայի առաջին տուրի խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր հարկի տակ 4։1 հաշվով հաղթել էր Լատվիայի հավաքականին։ Երկրորդ տուրում 2։0 հաշվով պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։ Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով էր ավարտել հանդիպումը Ֆարերյան կղզիների ընտրանու հետ, 4-րդ տուրում՝ 0։2 հաշվով պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։