Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը մտադիր է Պետական եկամուտների կոմիտեի որոշ աշխատակիցների՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի մտերիմներին արդարադատության ոլորտում պաշտոնների նշանակել, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթը նշել է, որ Գալյանը և Բադասյանը նույն կուրսում են սովորել և մտերիմ հարաբերություններ ունեն։
«Գալյանը պաշտոնական առաջխաղացման համար այդպես պատրաստվում է վարձահատույց լինել ընկերոջը։ Նա ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալ Պետիկ Մկրտչյանին ցանկանում է իր տեղակալ նշանակել, որը պետք է համակարգի քրեաիրավական ոլորտը: ՊԵԿ նախագահի խորհրդական Ներսես Զեյնալյանին մտադիր է իր խորհրդական նշանակել՝ հետագայում ավելի բարձր պաշտոնի տանելու հեռանկարով»,- հավելել է թերթը։
Գալյանը թերթին չի հերքել, որ նոր նշանակումներ է կատարելու։
Հոկտեմբերի 29-ին ՔՊ-ն Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել էր Գալյանի թեկնածությունը։ Նոյեմբերի 5-ին Գալյանը նշանակվել էր Արդարադատության նախարարի պաշտոնում։