Կառավարությունը ևս 2 ամսով (նոյեմբեր և դեկտեմբեր) երկարաձգել է Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների և գերեվարվածի ընտանիքներին տրամադրվող ամսական 300 000 դրամի սոցիալական աջակցությունը։ Որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 15-ի նիստում։
Ըստ նախագծի՝ գումարն ստանալու համար ընտանիքները կարող են դիմում ներկայացնել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ:
11 անհետ կորած և գերի ընկած զինծառայողների ընտանիքներին նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին աջակցության տրամադրման ֆինանսական նախահաշիվը կկազմի 6,6 մլն դրամ։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել են 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր գաղթել ՀՀ։
Օգոստոսի 24-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր, որ 1990-ականներից սկսած՝ ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում շուրջ 1000 հայ։
ՀՀ Քննչական կոմիտեն հուլիսի 2-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016 մարդ։