Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանն Ազգային ժողովում պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դևոյանի հարցին, թե ինչ մոտեցումներ ունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և ընկերության աշխատանքի մասին, որտեղ, պատգամավորի խոսքով, «կան ուռճացված ծախսեր»։
Մեսրոպյանը վստահեցրել է, որ որևէ կերպ չի պատրաստվում ՀԾԿՀ ղեկավարի պաշտոնում ապացուցել թեզը, թե ՀԷՑ-ը Հայաստանի թշնամիներից մեկն է։
«Ես հեռու եմ այն մտքից, որ իմ գործունեությամբ պետք է ապացուցեմ, որ ՀԷՑ մեր երկրի թշնամին է։ Նման բան չկա։ ՀԷՑ-ը մասնագիտացված կառույց է, որը տարիներ շարունակ շահագործել է այդ համակարգը և որոշակի արդյունքներ է ապահովել։ Այսօր ունենք ցուցանիշներ, որոնցից արդարացիորեն բողոքում ենք։ Պետք է հասկանանք, թե որոնք են այց ցուցանիշները լավարկելու ամենակարճ և ամենաարդյունավետ ուղիները։ Այս պահին ես չեմ կարող խոսել թվերով։ Այո, անհանգստությունը, դիտարկումը ենթակա են ուշադրության և ուսումնասիրության։ Ընտրվելու դեպքում առաջնահերթ պետք է հասկանալ այդ խնդիրները, հասկանալ, թե ինչ բաղադրիչներ կան ընկերության ներդրումային ծրագրի մեջ և այդ համատեքստում ինչ են արել»,- ընդգծել է Մեսրոպյանը։
Նա նշել է, որ ընտրվելու դեպքում ուսումնասիրության արդյունքներին կանդրադառնա թվային ցուցանիշներով։
Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կոչ էր արել դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների մասին իշխանությունների քննարկումները դիտարկել որպես բիզնեսի ազգայնացման փորձ։ Նա այսպես էր մեկնաբանել «Հրապարակ»-ի՝ օգոստոսի 24-ի հրապարակումը, ըստ որի՝ իշխանությունները ՀԷՑ-ն ազգայնացնելու ծրագիր ունեն։
ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը սեպտեմբերի 4-ի մամուլի ասուլիսում բացառել էր ընկերությունն ազգայնացնելու հնարավորությունը։
Սեպտեմբերի 4-ին ՀԷՑ-ը նաև մեկնաբանել էր Երևանում հոսանքազրկումները և հայտարարել Երևանի կենտրոնի էլեկտրամատակարարման ցանցի թարմացման համար 16,5 մլն դոլար (6,3 մլրդ դրամ) ներդրում կատարելու մտադրության մասին։
Հոկտեմբերի 10-ին ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ չբացահայտելով պատճառը։ Բաղրամյանը ՀԾԿՀ ղեկավարի պաշտոնն զբաղեցնում էր 2019 թվականի ապրիլից։
Նոյեմբերի 5-ին ՔՊ նիստում որոշվել էր Մեսրոպյանին առաջադրել որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու։ Մեսրոպյանը 2019-2020թթ․ ՀԾԿՀ անդամ էր։ 2020 թվականի նոյեմբերի 26-ին նա նշանակվել էր Կոտայքի մարզպետ, զբաղեցրած պաշտոնից ազատվել 2021-ի մայիսին։