Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) միջազգային զարգացման հիմնադրամը Հայաստանին 50 մլն եվրոյի չափով երկրորդ բյուջետային վարկը կտրամադրի բնապահպանական նախագծերի և կայուն զարգացման ծրագրերի համար։ ՀՀ կառավարությունը վարկային համաձայնագիրը վավերացրել է նոյեմբերի 15-ի նիստում։
Նոյեմբերի 5-ին և 12-ին ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման երկրորդ ծրագիր» համաձայնագիրը։ Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համատեղ։
«Ծրագրի նպատակն է խթանել կանաչ, դիմակայուն և ներառական զարգացումը Հայաստանում, նպաստել կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավել շրջակա միջավայրի կառավարումը և էներգաարդյունավետությունը, ապահովել հավասարության ավելի բարձր մակարդակ, խթանել մարդկային կապիտալի զարգացումը և ամրապնդել կառավարման համակարգերը»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։
Վարկ տրամադրելու համար ՕՊԵԿ-ը պայման է դրել Հայաստանի իշխանությունների կողմից տարբեր ոլորտներում մի շարք միջոցառումների և բարեփոխումների իրականացման համար։ Այս գործողությունները ներառում են աջակցություն Լեռնային Ղարաբաղից փախստականների խոցելի խմբի կարիքներին՝ ամրապնդելու հավասարությունը և մարդկային կապիտալի զարգացումը:
Վարկ ստանալու մեկ այլ պայման է կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության միջոցառումների խթանումը, ինչպես նաև բնապահպանական կառավարման կարգավորող դաշտի բարելավումը:
Այս համատեքստում Հայաստանի իշխանությունները պարտավորվել են քայլեր ձեռնարկել էներգաարդյունավետությունը բարելավելու, օդի որակը պաշտպանելու և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումներ իրականացնելու համար: ՕՊԵԿ հիմնադրամի պայմանների երրորդ խումբը վերաբերում է հակակոռուպցիոն համակարգի ամրապնդմանը և արդարադատության ոլորտում արդյունավետության բարձրացմանը։
50 միլիոն եվրոյի չափով առաջին վարկն ՕՊԵԿ հիմնադրամի կողմից Հայաստանին հատկացվել էր 2023 թվականի նոյեմբերին։ Ծրագիրը մշակվել էր Համաշխարհային բանկի հետ համատեղ, որը տրամադրել էր 92,3 մլն եվրոյի (100 մլն դոլար) զուգահեռ վարկ։