Եկատերինբուրգից հայազգի երգչուհի Ֆլորա Բիչախչյանը դուրս է եկել «Ռոսիա 1» հեռուստաալիքով ցուցադրվող Ну-ка все вместе շոուի եզրափակիչ։ Ֆլորան հանդես է եկել Moby Natural Blues երգի կատարմամբ։ Հայուհու օգտին քվեարկել է ժյուրիի 100 ներկայացուցչից 98-ը:
«Դուք աշխուժացրեցիք ժյուրիի պատի ողջ ֆաունան»,- կատակել է շոուի հաղորդավար, ռուս երգիչ Նիկոլայ Բասկովը:
Ժյուրիի անդամ, ռուս երգիչ Սերգեյ Լազարևը Բիչախչյանի ելույթն անվանել է «օրվա ամենապրոֆեսիոնալ կատարումներից մեկը»։
«Սա հսկայական էներգիայի հոսք է, ահա թե ինչու է հեռուստադիտողը գալիս համերգի՝ էմոցիաներ, հոգևոր սնունդ ստանալու համար: Փայլեցիր վստահությամբ, հասկացար քո ուժեղ կողմերը, խորամանկ էիր, ժպտում էիր, ֆլիրտ անում»,- նշել է նա։
Բիչախչյանը ծնվել է 1997 թվականի փետրվարի 25-ին՝ Եկատերինբուրգում։ Մանկուց զբաղվել է երաժշտությամբ և վոկալով։ 2021 թվականին ավարտել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտը։ Ֆլորան ոչ միայն երգում է, այլև ինքն է երգեր գրում և վոկալ սովորեցնում։ Կատարում է ջազ։
Նոյեմբերին հայազգի երգչուհի Արփի Աբգարյանը դարձել էր Ну-ка, все вместе նախագծի վեցերորդ եթերաշրջանի հատուկ թողարկման հաղթող՝ նախագծի ժյուրիի ղեկավար, երգիչ Սերգեյ Լազարևի շնորհիվ։ Նոյեմբերի 8-ին Լազարևը բարձր էր գնահատել Աբգարյանի ձայնային ունակությունները՝ ասելով, որ Ռուսաստանում քչերը կարող են այդպես երգել։