Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ մի շարք պաշտոնյաներ իր խնդրանքով են հրաժարական ներկայացրել, այդ մասին նա հայտնել է Facebook-յան գրառմամբ։
«Հաշվի առնելով մամուլում և սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառներն անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- գրել է նա։
Միևնույն ժամանակ՝ Փաշինյանը նրանց շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար։
«Չեմ կարող ուրանալ մեր գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում և շնորհակալ եմ բոլորին՝ իրենց ներդրման և իմ խնդրանքի ըմբռնման համար»,- եզրափակել է Փաշինյանը։
«Հրապարակ»-ը նոյեմբերի 17-ին հայտնել էր, որ Փաշինյանն աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին։ 24News-ը գրել էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հրաժարականի մասին։
Նոյեմբերի 18-ին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտնել էր իր հրաժարականի մասին։ Նույն օրն՝ ավելի ուշ, Հակակոռուպցոն կոմիտեի լրատվական բաժնից Armenia Today-ին հաստատել էին, որ Խաչատրյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
Նոյեմբերի 14-ին Փաշինյանը կառավարության նիստում դժգոհել էր իրավապահ համակարգի աշխատանքից։ «Ո՞վ է ում ձեռք առնում՝ ուզում եմ հասկանալ, այս ամենի վերջը եկել է, ուղիղ ասում եմ, որովհետև էլ բան չունեմ տալու։ Այն, ինչ ինձանից ուզել եք, տվել եմ. չեմ միջամտել, չեմ մտել որևէ մեկի գործի մեջ։ Ստացվում է՝ ուժային կառույցները թույլ են»,- ասել էր վարչապետը։