Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել, Armenia Today-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Հաստատում եմ, որ ՆԳ նախարարն աշխատանքից ազատման դիմում է գրել»,- ասել է Սարգսյանը։
Ղազարյանը, ավելի ուշ մեկնաբանելով իր հրաժարականը, հայտարարել է, որ ՆԳՆ-ն երկրի համար բարդ փուլում հսկայածավալ ձեռքերումներ է գրանցել, որոնց թվում հանրային վստահության մակարդակի աճն է։
«Մեր երկրի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում միասին հաղթահարեցինք բազում փորձություններ: Միաժամանակ, ձեր արհեստավարժության, բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի շնորհիվ, մենք անցանք խորքային, համապարփակ բարեփոխումների դժվար փուլը: Հսկայածավալ ձեռքերումները, հանրային վստահության մակարդակի աճը թիմային մեծ աշխատանքի ու բոլորիս հետևողական ջանքերի արդյունք են: Ցավոք, այս ճանապարհին կորցրեցինք մեր լավագույն ընկերներին ու գործընկերներին, որոնք խիզախաբար իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի ու պետականության»,– գրել է նա Facebook-ի էջում։
Նա վստահություն է հայտնել, որ կառույցի բարեփոխումներին միտված բոլոր ծրագրերն իրականություն կդառնան, և համակարգային փոփոխությունները արդյունավետորեն կծառայեն ի շահ ՀՀ քաղաքացու:
Ղազարյանը ՆԳ նախարար էր նշանակվել 2023-ի հունվարին, որից առաջ՝ 2020-2023 թվականներին, զբաղեցրել էր ՀՀ ոստիկանապետի պաշտոնը։
Փաշինյանը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ քննադատել էր դատաիրավական և ուժային մարմինների աշխատանքը և նշել, որ դժգոհ է երկրում տիրող հանցագործությունների մակարդակից և լուրջ որոշումներ է կայացնելու։ Վարչապետի խոսքով՝ մարզային այցելությունների ժամանակ մարդիկ դժգոհել էին կոռուպցիայից և հանցագործություններից։
ԶԼՄ-ները նոյեմբերի 17-ին հայտնել էին, որ Փաշինյանն աշխատանքից ազատել է ՆԳ նախարարին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին։
Նոյեմբերի 18-ի առավոտյան ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտնել էր իր հրաժարականի մասին։ Ավելի ուշ Հակակոռուպցոն կոմիտեից Armenia Today-ին հաստատել էին, որ Խաչատրյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Նույն օրը Փաշինյանը հաստատել էր, որ պաշտոնյաներն իր խնդրանքով են հրաժարական ներկայացրել։ Նա նշել էր, որ խնդրանքը ոչ թե անձնավորված է, այլ կապված է համակարգային խնդիրներով։