Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հաստատել է, որ հրաժարական է տվել պաշտոնից։ ՔԿ Facebook-յան էջում հրապարակված իր ուղերձում նա նշել է հրաժարականի պատճառը և ընդգծել, որ պաշտոնից իր որոշմամբ է հեռանում։
«Իմ կայացրած որոշումը բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից»,- հավելել է Քյարամյանը։
Նա հայտարարաել է, որ Հայաստանի համար պատմական ու բարդ փուլում պետության ներքին կենսունակությունն ու օրինահենությունը, իրավական անվտանգությունն ապահովելու համար արել է հնարավորը։
«Պատիվ ու հպարտություն էր ծառայել ՀՀ քննչական կոմիտեում, դառնալ վերջինիս մասնիկն ու փորձել համեստ ներդրում ունենալ այս կուռ ու միասնական կառույցի համակարգայնացման շարունակական ընթացքին։ Շնորհակալություն եմ հայտնում նաև ՀՀ վարչապետին և ՀՀ կառավարությանը՝ Հայաստանի համար բարդ ու կարևոր պատմական շրջափուլում այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու, իմ կարողություններին հավատալու համար։ ՔԿ նախագահի պաշտոնից հեռանում եմ նույնպիսի ներքին հպարտությամբ ու ներդաշնակությամբ, ինչպես ստանձնել եմ այն ու աշխատել»,- նշել է նա։
Քյարմյանը ՔԿ նախագահի պաշտոնին էր նշանակվել 2021-ի հուլիսին։
Փաշինյանը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ քննադատել էր դատաիրավական և ուժային մարմինների աշխատանքը և նշել, որ դժգոհ է երկրում տիրող հանցագործությունների մակարդակից և լուրջ որոշումներ է կայացնելու։ Վարչապետի խոսքով՝ մարզային այցելությունների ժամանակ մարդիկ դժգոհել էին կոռուպցիայից և հանցագործություններից։
ԶԼՄ-ները նոյեմբերի 17-ին հայտնել էին, որ Փաշինյանն աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, ՔԿ նախագահին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին։
Նոյեմբերի 18-ի առավոտյան ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտնել էր իր հրաժարականի մասին։ Ավելի ուշ Հակակոռուպցոն կոմիտեից Armenia Today-ին հաստատել էին, որ Խաչատրյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հայտնել էր ՆԳ նախարարի հրաժարականի մասին։ Փաշինյանը հաստատել էր, որ պաշտոնյաներն իր խնդրանքով են հրաժարական ներկայացրել։ Նա նշել էր, որ խնդրանքը ոչ թե անձնավորված է, այլ կապված է համակարգային խնդիրներով։