Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հաստատել է, որ նոյեմբերի 18-ին հրաժարական է տվել իր պաշտոնից։ Նա չի մանրամասնել հրաժարականի պատճառը։
Սանոսյանի խոսքով՝ կառավարության ջանքերով իր ղեկավարած կառույցին հաջողվել է դիմակայել մարտահրավերներին և լուծել նոր ճանապարհների կառուցման, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման, ջրհեղեղի հետևանքների հետ կապված խնդիրները (մայիսի 6-ին Լոռիի և Տավուշի մարզերում Դեբեդ գետի վարարման հետևանքներ)։
«Վստահաբար շատ խնդիրներ դեռ լուծում են պահանջում, դեռ շատ անելիքներ կան թեկուզ միայն վերը թվարկված մարտահրավերների ուղղությամբ»,- գրել է նա։
Սանոսյանը նշել է, որ պաշտոնավարման ավելի քան 3 տարիները լի էին բազմաթիվ մարտահրավերներով։
«Բացի բուն աշխատանքը՝ գրեթե ամենօրյա ռեժիմով բախվել ենք չնախատեսված, չպլանավորված և հրատապ լուծում պահանջող խնդիրների։ Չի եղել աշխատաքային շաբաթ, որ որևէ մարզում չլինեմ։ Լիահույս եմ, որ նախարարության համակարգման ներքո գտնվող կարևորագույն ոլորտներն այսուհետ էլ կկառավարվեն նույնքան սրտացավորեն՝ ի շահ Հայաստանի։ Հետևում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ և խաղաղ»,- հավելել է Սանոսյանը։
Սանոսյանը ՏԿԵ նախարար էր նշանակվել 2021-ի օգոստոսին։
Փաշինյանը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ քննադատել էր դատաիրավական և ուժային մարմինների աշխատանքը և նշել, որ դժգոհ է երկրում տիրող հանցագործությունների մակարդակից և լուրջ որոշումներ է կայացնելու։ Վարչապետի խոսքով՝ մարզային այցելությունների ժամանակ մարդիկ դժգոհել էին կոռուպցիայից և հանցագործություններից։
ԶԼՄ-ները նոյեմբերի 17-ին հայտնել էին, որ Փաշինյանն աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարարին, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին։
«Փաստինֆո»-ն գրել էր, որ Սանոսյանին Փաշինյանն առաջարկել է ՆԳ նախարարի պաշտոնը։
Նոյեմբերի 18-ի առավոտյան ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտնել էր իր հրաժարականի մասին։ Ավելի ուշ Հակակոռուպցոն կոմիտեից Armenia Today-ին հաստատել էին, որ Խաչատրյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հայտնել էր ՆԳ նախարարի հրաժարականի մասին, իսկ Քյարամյանն ուղերձով էր հաստատել հրաժարականը։ Փաշինյանը հաստատել էր, որ պաշտոնյաներն իր խնդրանքով են հրաժարական ներկայացրել։ Նա նշել էր, որ խնդրանքը ոչ թե անձնավորված է, այլ կապված է համակարգային խնդիրներով։