Ռուստամ Բադասյանը ՊԵԿ նախագահի պաշտոնից հրաժարական է տվել, այդ մասին նա հայտնել է ՊԵԿ Facebook-յան էջում հրապարակած ուղերձում։ Բադասյանը չի նշել հրաժարականի պատճառները։
«Այսօր ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել։ Վստահ եմ, որ կատարված աշխատանքը՝ թե՛ ավելի հասանելի ծառայություններ ապահովելու, թե՛ հարկային կարգապահությունն ամրապնդելու մասով, տվել է և կտա իր արդյունքները, երբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի մեր պետության կայացման գործում կգիտակցի հարկ վճարելու կարևորությունը»,- գրել է Բադասյանը։
Նա կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և համոզմունք հայտնել, որ ՊԵԿ աշխատակիցները կշարունակեն ՊԵԿ ինստիտուցիոնալ կայացման գործը, կամրապնդեն միջազգային համագործակցությունը, կոռուպցիոն երևույթներին հակազդման ձեռնարկած քայլերը, կներդնեն հարկ վճարողներին սպասարկման նորանոր գործիքներ։
Բադասյանը ՊԵԿ նախագահ էր նշանակվել 2021-ի օգոստոսին։
Փաշինյանը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ քննադատել էր դատաիրավական և ուժային մարմինների աշխատանքը և նշել, որ դժգոհ է երկրում տիրող հանցագործությունների մակարդակից և լուրջ որոշումներ է կայացնելու։ Վարչապետի խոսքով՝ մարզային այցելությունների ժամանակ մարդիկ դժգոհել էին կոռուպցիայից և հանցագործություններից։
«Ո՞վ է ում ձեռք առնում՝ ուզում եմ հասկանալ, այս ամենի վերջը եկել է, ուղիղ ասում եմ, որովհետև էլ բան չունեմ տալու։ Այն, ինչ ինձանից ուզել եք, տվել եմ. չեմ միջամտել, չեմ մտել որևէ մեկի գործի մեջ։ Ստացվում է՝ ուժային կառույցները թույլ են»,- ասել էր վարչապետը։
ԶԼՄ-ները նոյեմբերի 17-ին հայտնել էին, որ Փաշինյանն աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարարին, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին։
Նոյեմբերի 18-ի առավոտյան ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտնել էր իր հրաժարականի մասին։ Ավելի ուշ Հակակոռուպցոն կոմիտեից Armenia Today-ին հաստատել էին, որ Խաչատրյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հայտնել էր ՆԳ նախարարի հրաժարականի մասին, իսկ Քյարամյանն ուղերձով էր հաստատել հրաժարականը։ Իր հրաժարականը հաստատել էր նաև Գնել Սանոսյանը։ Փաշինյանը հաստատել էր, որ պաշտոնյաներն իր խնդրանքով են հրաժարական ներկայացրել։ Նա նշել էր, որ խնդրանքը ոչ թե անձնավորված է, այլ կապված է համակարգային խնդիրներով։