Հակակոռուպցիոն դատարանը ևս 3 ամսով երկարաձգեց Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը: Նիստը կայացել է դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ։
Նշենք, որ մեղադրող կողմը պահանջել էր կրկին կալանավորել Աշոտյանին, իսկ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել կիրառել անազատության հետ չկապված խափանման միջոց։
Սեպտեմբերի 10-ին դատարանն Աշոտյանի նկատմամբ 25 մլն դրամ գրավի դիմաց տնային կալանք էր նշանակել։
Օգոստոսի 26-ն Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել էր պաշտպանների վերաքննիչ բողոքներն Աշոտյանի կալանքի ժամկետը հերթական անգամ 3 ամսով երկարացնելու որոշման դեմ, և այն կրճատվել էր մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը։
2022 թվականի նոյեմբերի 16-ին Աշոտյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար։ Նրան կալանավորել էին 2023 թվականի հունիսի 16-ին։ Իրավապահները որպես կալանավորման պատճառ նշել էին խափանման միջոցի խախտումը՝ վայրից չհեռանալու մասին ստորագրությունը։