Կառավարության պաշտոնանկ բարձրաստիճան ներկայացուցիչներին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անգործ չի թողնելու, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պատճառը, ըստ թերթի, այն է, որ նրանք Փաշինյանի և իր ընտանիքի մասին ինֆորմացիա կրողն են հանդիսանում, և Փաշինյանը կադրային «ռակիրովկաների» միջոցով կփորձի չմեծացնել «իր թշնամիների բանակը»։
«Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը կնշանակվի ՊՎԾ պետ, Ռոմանոս Պետրոսյանը կգնա ՊԵԿ ղեկավար կամ ՏԿԵ նախարար: Կարեն Անդրեասյանին ԲԴԽ նախագահի պաշտոնում կփոխարինի Վճռաբեկի դատավոր Արթուր Աթաբեկյանը, որը ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանի ազգականն է։ ՊԵԿ նախագահի թեկնածուների թվում շրջանառվում են ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ, նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանի և Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի անունները»,- հայտնել են թերթի աղբյուրները։
Թերթի տեղեկություններով՝ ՏԿԵ պաշտոնանկ նախարար Գնել Սանոսյանն էլ անպաշտոն չի մնա։ Միևնույն ժամանակ՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ Սանոսյանը պաշտոնանկությունից մեկ օր առաջ Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, բայց վարչապետն իրենից անձամբ չի պահանջել հրաժարականի դիմում գրել:
«Սանոսյանին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ավելի ուշ զանգահարել և տեղեկացրել է, որ Փաշինյանը պահանջում է ինքնակամ ազատման դիմում գրել ու լուռ հեռանալ: Նախարարը վերցրել է թուղթը և ինքնակամ շարադրել, որ ցանկանում է հեռանալ աշխատանքից»,- հավելել է թերթը։
«Ժողովուրդի» աղբյուրները հայտնել են նաև, որ Սանոսյանի պաշտոնանկությունից հետո անորոշ վիճակում են Հայաստանի 10 մարզի մարզպետները, որոնք հասցրել էին հարաբերություններ կառուցել նրա հետ:
«Շատ մարզպետներ սպասում են, թե ով է լինելու նոր նախարարը և, ըստ այդմ, ովքեր պետք է ազատման դիմում գրեն ու ազատվեն պաշտոններից»,- ասված է հրապարակման մեջ։
Փաշինյանը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ քննադատել էր դատաիրավական և ուժային մարմինների աշխատանքը և նշել, որ դժգոհ է երկրում տիրող հանցագործությունների մակարդակից և լուրջ որոշումներ է կայացնելու։ Վարչապետի խոսքով՝ մարզային այցելությունների ժամանակ մարդիկ դժգոհել էին կոռուպցիայից և հանցագործություններից։
«Ո՞վ է ում ձեռք առնում՝ ուզում եմ հասկանալ, այս ամենի վերջը եկել է, ուղիղ ասում եմ, որովհետև էլ բան չունեմ տալու։ Այն, ինչ ինձանից ուզել եք, տվել եմ. չեմ միջամտել, չեմ մտել որևէ մեկի գործի մեջ։ Ստացվում է՝ ուժային կառույցները թույլ են»,- ասել էր Փաշինյանը։
ԶԼՄ-ները նոյեմբերի 17-ին հայտնել էին, որ Փաշինյանն աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարարին, ՔԿ նախագահին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին։
Նոյեմբերի 18-ի առավոտյան ԲԴԽ նախագահը հայտնել էր իր հրաժարականի մասին։ Նույն օրն՝ ավելի ուշ, Հակակոռուպցոն կոմիտեից Armenia Today-ին հաստատել էին, որ Խաչատրյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հայտնել էր ՆԳ նախարարի հրաժարականի մասին, իսկ Քյարամյանն ուղերձով էր հաստատել հրաժարականը։ Իր հրաժարականը հաստատել էր նաև Սանոսյանը, ավելի ուշ՝ ՊԵԿ նախագահը։ Փաշինյանը հաստատել էր, որ պաշտոնյաներն իր խնդրանքով են հրաժարական ներկայացրել։ Նա նշել էր, որ խնդրանքը ոչ թե անձնավորված է, այլ կապված է համակարգային խնդիրներով։