ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը հայտնել է Հայաստանի հավաքականի ուժեղագույն ըմբիշների՝ ԶՈւ ԱԱ գավաթին չմասնակցելու պատճառը։
Դավթյանի խոսքով՝ ուժեղ մարզիկները չեն համապատասխանել մրցույթի կազմակերպիչների՝ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդի (CISM) կողմից ներկայացված չափանիշներին։ Նա հավելել է, որ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանի մասնակցությունը բազմաթիվ շահարկումների առարկա կդառնար։
«Այլ մարզիկների՝ մրցաշարին ներգրավելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ։ Այս առաջնությանն ընդգրկված են հիմնականում մարզական վաշտի ժամկետային զինծառայողները, և նրանք նույնպես հանդիսանում են բավական բարձր վարպետություն ունեցող մարզիկներ, քանի որ մարզական վաշտ զորակոչվելու համար անհրաժեշտ են համապատասխան մարզական տվյալներ»,- ասել է նա։
Ներկայացնելով հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտը ներկայացնող ՀՀ թիմերի կազմը՝ Դավթյանն ասել է, որ ԶՈւ ԱԱ-ում հաշվի է առնվում երկու ասպեկտ՝ զինվորականներին ներկայացվող պահանջները և նրանց մարզական պահանջները։
«Իհարկե, մենք փորձել ենք ընտրել լավագույններին՝ օրինականության շրջանակում։ Կա թույլատրելիության և ուժեղության հարց։ Դա այն հարցի պատասխանն է, թե ինչու է Մալխաս Ամոյանի փոխարեն ընտրվել Աշոտ Խաչատրյանը։ Թիմի կազմն ըմբշամարտի ֆեդերացիան չի որոշել, այլ ընտրվել է կոլեկտիվ՝ ՊՆ մասնագետների և ՊՆ պատասխանատուների միջոցով»,- ասել է նա։
Ըստ Դավթյանի՝ Հունահռոմեական ըմբշամարտի (մարզիչ՝ Բաբալարյան Արմեն) հայկական թիմի կազմում ընգրկված զինծառայողներն են՝ Մինասյան Տիգրան (55 կգ), Աղաջանյան Սուրեն (60 կգ), Պողոսյան Հրաչյա (63 կգ), Տերտերյան Գասպար (67 կգ), Խաչատրյան Շանթ (72 կգ), Խաչատրյան Աշոտ (77 կգ), Գրիգորյան Սամվել (82 կգ), Խաչատրյան Կարեն (87 կգ), Հովասափյան Դավիթ (125 կգ)։
Ազատ ոճի ըմբշամարտի (մարզիչ՝ Վարդանյան Ավետիք) թիմի կազմում ընդրկված զինծառայողներն են՝ Հարությունյան Արման (57 կգ), Բեգոյան Սարգիս (61 կգ), Ավետիսյան Անդրանիկ (65 կգ), Հարությունյան Արտավազդ (70 կգ), Ալիխանյան Հրայր (74 կգ), Ավագյան Արման (79 կգ), Մկրտչյան Մուշեղ (92 կգ), Հայկյան Հենրի (125 կգ), ներկայացրեց նա։
Նոյեմբերի 18-24-ը Հայաստանում կանցկացվի ըմբշամարտի աշխարհի ռազմական առաջնությունը։ Աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը նոյեմբերի 18-ին ֆեյսբուքում հայտարարել էր մարզիկներին մրցապայքարից հեռացնելու մասին։
Օգոստոսի վերջին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ տասը հայ ըմբիշներ, այդ թվում՝ Փարիզի օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մեդալակիրներ, սկսել են պարտադիր զինվորական ծառայության անցնել, իսկ նոյեմբերին նրանք պետք է մասնակցեն մրցաշարին։
Նոր համալրվածների թվում էին աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Վազգեն Թևանյանը և Արման Անդրեասյանը, ինչպես նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը։