Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Անալենա Բերբոքը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միրզոյանը ներկայացրել է գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի վերջնականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է ՀՀ կառուցողական մոտեցումը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում՝ որպես խաղաղության օրակարգի, ինչպես նաև ավելի լայն աշխարհագրությամբ տնտեսական փոխկապակցվածության խթանման կարևոր բաղադրիչ:
Ըստ ԱԳՆ-ի՝ կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև գործընկերության հետագա ընդլայնման հնարավորությունները, այդ ուղղությամբ իրականացվող շարունակական քայլերը:
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև ԵՄ գործընկերության օրակարգի հարցերին։ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը բավականին հավակնոտ է՝ հիմնված ինչպես համագործակցության փորձի, այնպես էլ հետագա զարգացման տեսլականի վրա:
Մայիսի 17-ին Ստրասբուրգում Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել էին Կովկասում անվտանգային իրավիճակը։
Փետրվարի 28-ին Հայաստանի, Ադրբեջանի և Գերմանիայի արտգործնախարարները Բեռլինում՝ եռակողմ հանդիպման ժամանակ, քննարկել էին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։