Աբխազիայում նախագահական արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև 2025 թվականի փետրվարի 19-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը։
«Ընտրությունները պետք է անցկացվեն նախագահի հրաժարականի օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում։ Ասլան Բժանիան հրաժարական տվեց, և խորհրդարանն ընդունեց այն նոյեմբերի 19-ին, ինչը նշանակում է, որ ընտրությունները սահմանադրության համաձայն՝ պետք է անցկացվեն երեք ամսվա ընթացքում, այսինքն՝ մինչև փետրվարի 19-ը»,- նշել է նա։
ԿԸՀ ներկայացուցիչը պարզաբանել է, որ Աբխազիայում ընտրությունները միշտ անցկացվում են հանգստյան օրերին, դա կարող է լինել կամ շաբաթ օրը՝ փետրվարի 15-ին, կամ կիրակի՝ փետրվարի 16-ին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ընտրությունների օրը պետք է սահմանի խորհրդարանը։
Աբխազիայի խորհրդարանն օրենք էր ընդունել, որը հստակեցնում է Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի մանրամասները։ Ընդդիմությունը քննադատել էր փաստաթուղթն ու բողոքի ցույցեր սկսել։ Նախագահ Բժանիան հայտարարել էր, որ ինքը և մյուս պաշտոնյաները կշարունակեն պաշտոնավարել` չնայած բողոքի ցույցերին, սակայն ի վերջո հրաժարական էր տվել։