Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն ստվերել է Բրազիլիայում ընթացող G20 գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինայի հակամարտության քննարկումը, հայտնել է CNN-ը։
Կայքի տվյալներով՝ նույնիսկ եզրափակիչ կոմյունիկեում ձևակերպումները զգալիորեն մեղմացել են նախորդ տարիների համեմատ։ Ուկրաինայի հակամարտությունը փաստաթղթում «զբաղեցրել է միայն մեկ պարբերություն»։ Ինչպես նշվում է, գագաթնաժողովում երկրների ղեկավարներին ավելի շատ հետաքրքրում էին ԱՄՆ ընտրված նախագահի տեսակետները և նրա հետագա քաղաքականությունը։
Ռիո դե Ժանեյրոյում G20-ի ղեկավարների գագաթնաժողովի մասնակիցների կողմից ընդունված ամփոփիչ հռչակագրի տեքստում ասվում է, որ անդամ երկրները ողջունում են Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր կառուցողական նախաձեռնությունները։ G20-ի ղեկավարները հատուկ ուշադրություն են հրավիրել ուկրաինական ճգնաժամի հետևանքով առաջացած «մարդկային տառապանքների և համաշխարհային պարենային և էներգետիկ անվտանգության համար բացասական հետևանքների վրա»:
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել 60-րդ համընդհանուր ընտրությունները։ Ըստ Fox News-ի` Թրամփը նախնական արդյունքներով ստացել է 270 ընտրական ձայն՝ դառնալով ԱՄՆ 47-րդ նախագահ։
Նոյեմբերի 6-ին Բայդենը շնորհավորել էր Թրամփին և նրան հրավիրել Սպիտակ տուն՝ քննարկելու պաշտոնի փոխանցումը: Թրամփին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել էին ՀՀ վարչապետը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և քաղաքական այլ գործիչներ։