Հայաստանի ներկայացուցիչ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը (67 կգ) հունահռոմեական ոճի զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոն է դարձել, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Եզրափակչում նա ժամանակից շուտ 11-0 հաշվով հաղթել է իրանցի ըմբիշին։
Աշոտ Խաչատրյանը (77 կգ) դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր՝ 9։1 հաշվով հաղթելով հորդանանցի Ամրո Աբեդին։ Բրոնզե մեդալ էր նվաճել նաև Հրաչյա Պողոսյանը (63 կգ)։
Այսօր ավելի վաղ առաջնության չեմպիոն էր հռչակվել Սուրեն Աղաջանյանը (60 կգ)։ 53 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈւ հավաքականի ներկայացուցիչ, կուրսանտ Էլեն Բաբաջանյանը հաղթել էր մոնղոլ մարզուհուն և նվաճել արծաթե մեդալ։
Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը Հայաստանում մեկնարկել է նոյեմբերի 20-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 22-ը։ Առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 2 տասնյակից ավելի պետության շուրջ 400 ներկայացուցիչ:
Աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը նոյեմբերի 18-ին հայտարարել էր, որ ըմբշամարտի հավաքականն իր ուժեղագույն կազմով չի մասնակցելու առաջնությանը։ Նոյեմբերի 19-ին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (ՀԸՖ) հայտարարել էր, որ որևէ առնչություն չունի առաջնությանը և ստեղծված իրավիճակն անհասկանալի է ֆեդերացիայի համար:
ՀՀ ԶՈւ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը հայտնել էր, որ մարզիկները չեն համապատասխանել մրցույթի կազմակերպիչների՝ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդի (CISM) կողմից ներկայացված չափանիշներին։ Ըստ նրա՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանի մասնակցությունը բազմաթիվ շահարկումների առարկա կդառնար։
ՀՀ ԶՈւ-ի շարքերը համալրած զինծառայողների թվում էին աշխարհի կրկնակի չեմպիոն Հարությունյանը, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Վազգեն Թևանյանը, Արման Անդրեասյանը, ինչպես նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը։