Ազատ ոճի 61 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈւ հավաքականի ներկայացուցիչ, ժամկետային զինծառայող Սարգիս Բեգոյանը նվաճել է Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության արծաթե մեդալ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
53 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈւ հավաքականի ներկայացուցիչ, կուրսանտ Էլեն Բաբաջանյանը հաղթել էր մոնղոլ մարզուհուն և նվաճել արծաթե մեդալ։
Առաջնության չեմպիոններ էին հռչակվել հունահռոմեական ոճի ըմբիշներ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Գասպար Տերտերյանը (67 կգ)։ Բրոնզե մեդալակիրներ էին դարձել Հրաչյա Պողոսյանը (63 կգ) և Աշոտ Խաչատրյանը (77 կգ)։
Առաջնության եզրափակիչ էր դուրս եկել նաև Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ)։
Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը Հայաստանում մեկնարկել է նոյեմբերի 20-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 22-ը։ Առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 2 տասնյակից ավելի պետության շուրջ 400 ներկայացուցիչ:
Աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը նոյեմբերի 18-ին հայտարարել էր, որ ըմբշամարտի հավաքականն իր ուժեղագույն կազմով չի մասնակցելու առաջնությանը։ Նոյեմբերի 19-ին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (ՀԸՖ) հայտարարել էր, որ որևէ առնչություն չունի առաջնությանը և ստեղծված իրավիճակն անհասկանալի է ֆեդերացիայի համար:
ՀՀ ԶՈւ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը հայտնել էր, որ մարզիկները չեն համապատասխանել մրցույթի կազմակերպիչների՝ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդի (CISM) կողմից ներկայացված չափանիշներին։ Ըստ նրա՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանի մասնակցությունը բազմաթիվ շահարկումների առարկա կդառնար։
ՀՀ ԶՈւ-ին համալրված զինծառայողների թվում էին աշխարհի կրկնակի չեմպիոն Հարությունյանը, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Վազգեն Թևանյանը, Արման Անդրեասյանը, ինչպես նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը։