Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը, որը ներկայացված է «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում կազմակերպված «Երվանդ Քոչար 125. hատելով ժամանակ և տարածություն» խորագրով հոբելյանական ցուցահանդեսում, բնօրինակ աշխատանք է, հայտնել է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Նոյեմբերի 20-ին Երվանդ Քոչարի որդին՝ Ռուբեն Քոչարը, կասկած էր հայտնել, որ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական ցուցահանդեսում ներկայացվող «Ինքնադիմանկար» (1936 թ., փայտ/յուղաներկ, 27*22 սմ) ստեղծագործությունը բնօրինակ չէ: Նա նշել էր, որ իր հայրը դիմանկարի ներքևի մասում երկու մեխ էր պատկերել, որոնք ցուցադրված նկարում չեն երևում։
Նախարարությունից պարզաբանել են, որ Ռուբեն Քոչարի նշած մեխերի պատկերները դժվար տեսանելի են շրջանակով, և հրապարակել են նկարի լուսանկարները, որտեղ երևում են հեղինակի որդու հիշատակած մեխերի պատկերները։
ԿԳՄՍՆ-ից նշել են, որ «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարել են, որպեսզի կազմակերպվի այդ ստեղծագործության փորձաքննությունը և նույնականացումը: Ըստ ԿԳՄՍ-ի՝ փորձագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ դիմանկարը բնօրինակ է։
«Այդ են վկայում թե՛ արվեստաբանական փորձաքննության տվյալները, թե՛ ներկաշերտի հաﬔմատական քիմիական վերլուծությունը շտեմարանային տվյալների հետ, թե՛ աշխատանքի դիմերեսի և դարձերեսի նկարագրությունը (ներառյալ՝ փայտի եզրագծերի բնական մաշվածությունը), ներկաշերտի՝ ժամանակի ընթացքում կրած քիմիական փոփոխությունը, աշխատանքի դարձերեսին առկա ֆրանսիական գեղանկարչական պիտույքների խանութի բնօրինակ պիտակը, և թե՛ նախորդիվ արված փորձագիտական հսկողությունը ԿԳՄՍՆ-ի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 19-ին «Քոչար» մշակութային հիմնադրամը հայտնել էր, որ Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի 7 կտավ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 500 հազար դոլար։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նույն օրը հայտնել էր, որ այս հարցով դիմել են իրավապահ մարմիններին, որոնք քրեական գործ են հարուցել։ Երվանդ Քոչարի թոռնուհին՝ Կարինե Քոչարը, հայտարարել էր, որ ոչինչ չի անհետացել և իր համար զարմանալի է Ռուբեն Քոչարի հայտարարությունը։