«Քաղաքացիական պայմանագրի» վարչության բոլոր ներկայացուցիչները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, միաձայն հաստատել են պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ մանդատից հրաժարվելու անհրաժեշտությունը, գրել է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Թերթը հայտնել է, որ Փաշինյանն Աղազարյանին, պաշտոնաթող մյուս պաշտոնյաների հետ մեկտեղ, նոյեմբերի 17-ին մանդատը վայր դնելու կոչով հաղորդագրություն է ուղարկել, սակայն պատգամավորը դա չի արել։
«Վարչության նիստի ժամանակ ՔՊ ներկայացուցիչները սուր քննադատել են Աղազարյանին, նրան մեղադրել կոռուպցիոն գործարքներում թաթախված լինելու մեջ։ Աղազարյանը հակադարձել է կուսակիցներին՝ ասելով, որ իրական կոռուպցիոներներին գտնեն իրենց շրջապատում, երբ կապացուցվի, որ ինքը կոռուպցիոներ է, պատրաստ է դատվել»,- գրում է լրատվամիջոցը։
Ըստ աղբյուրի՝ Աղազարյանը նշել է, որ միայն այն ժամանակ վայր կդնի մանդատը, երբ ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանն ապացուցի, որ ինքը միջնորդել է որդու համար, ապա լքել է քննարկումը։
Նոյեմբերի 19-ին մամուլը գրել էր, որ Աղազարյանը ՔՊ վարչության հորդորով վայր է դրել մանդատը, սակայն նոյեմբերի 20-ին Աղազարյանը հերքել էր լուրը։
Հոկտեմբերի 15-ին Աղազարյանը և Քյարամյանը վիճաբանել էին Հայաստանում հանցավորության հետ կապված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, երբ Աղազարյանը ՔԿ ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։ ՔԿ ղեկավարն, իր հերթին, պատգամավորին խնդրել էր մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են պատգամավորի տղայի հետ կապված քրեական գործով, ինչից հետո իրավիճակն ավելի էր թեժացել։
Հոկտեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միջադեպերի հետ կապված «կան կարգապահական վարույթներ, և դրանց արդյունքներով կկայացվեն համապատասխան որոշումներ»։ Հոկտեմբերի 28-ին Աղազարյանի և Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Աղազարյանն Armenia Today-ին տված հարցազրույցում ասել էր, որ եթե Քյարամյանն անուններ տա, ինքը մանդատը վայր կդնի։