Արցախցի Դոնարա Գասպարյանը 2023 թվականի հոկտեմբերին Երևանում վերաբացել է ավանդական արցախյան ժենգյալով հացի և խմորեղենի արտադրություն։ Նա իր բիզնեսը վերսկսել է Ադրբեջանի հարձակումից հետո իր ընտանիքի հետ Արցախում գտնվող տունը լքելուց ուղիղ մեկ ամիս անց։ Նա Արցախում թողել է ավելի քան 30 տարի առաջ ստեղծված ու հաջողված բիզնեսը:
Արցախում և նրա սահմաններից դուրս հայտնի «Ժենգյալով հաց՝ Դոնարայից» ապրանքանիշի հիմնադիրը (Ժենգյալով հացը 17 տեսակի կանաչեղենով լցոնված բարակ խմորից պատրաստված տափակ հաց է) Armenia Today-ին պատմել է, ինչպես է նրա մոտ առաջացել ժենգյալով հաց պատրաստելու գաղափարը և ինչպես է Արցախից Հայաստան բռնի տեղահանվելուց հետո Երևանում բացել սեփական բիզնեսը։
Խոհարարություն 11 տարեկանից և 32 տարվա աշխատանք Ստեփանակերտի կենտրոնական շուկայի հացի փռում
«Սեկրետ չիկա, պետք է սիրես գործդ»,- ասում է Դոնարան ու համեստ ժպտում` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարողացավ շահել բոլորի սերը և դառնալ Արցախի խորհրդանիշը` Ստեփանակերտի շուկայում իր հացի փուռը վերածելով Արցախ եկածների համար գրավչության վայրի։
Դոնարայի խոսքով՝ մորաքույրը՝ Զոյան է իրեն սովորեցրել ժենգյալով հաց պատրաստել, որոնք սկզբում ուղարկում էր ռազմաճակատ՝ 1991-1994 թվականների Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։
«11 տարեկանից օգնեցի մորաքրոջս՝ Զոյային, ժենգյալով հաց պատրաստել։ Նա կանչում էր ինձ, երբ պատրաստում էր։ 1992-ին պատերազմի ժամանակ սկսեցի ժենգյալով հաց պատրաստել։ Սկեսուրս այն վաճառում էր շուկայում։ Այն ամենը, ինչ պատրաստում էի, գնում էին ֆիդայիները (ժողովրդական կամավորական կազմավորումների մարտիկներ-խմբ.)»,- պատմում է նա։
«Դոնարայի» հացաբուլկեղենն Ստեփանակերտի շուկայում գործել է 32 տարի՝ 1994 թվականից մինչև 2023 թվականը։ Այդ ընթացքում նա կարողացել է մեծացնել իր ապրանքանիշի մասին տեղեկացվածությունը և շահել հաճախորդների սերն ու վստահությունը: Սփյուռքի ներկայացուցիչները, զբոսավարներն ու զբոսաշրջիկները գիտեին, որ Ստեփանակերտ ժամանելուն պես անպայման պետք է հասնեն կենտրոնական շուկա և փորձեն հայտնի «Ժենգյալով հացը՝ Դոնարայից»։
«Ժենգյալ հացը պետք է սիրել, որպեսզի պատրաստելը լավ ստացվի։ Պետք է իմանալ, թե ինչ կանաչի, ինչ քանակությամբ և ինչ համամասնություններով պետք է խառնել, որպեսզի այն համեղ լինի։ 1994-ին երբ պատերազմն ավարտվեց, գազ չկար, լույս չկար, վառարանի վրա թխեցինք։ Մոտ հինգ տարի թխում էինք ջեռոցում ու վաճառում։ Հոսանքազրկումները դադարեցին… Եվ մենք սկսեցինք պատրաստել էլեկտրական վառարանների վրա… Վատ չէր»,- ասում է Գասպարյանը։
Մեկ տափակ հացն արժեր 150 դրամ, հիշում է Դոնարան։ Այժմ Դոնարան ժենգյալով հացը վաճառում է 800 դրամով։
Բիզնեսի վերագործարկում Հայաստանում հարկադիր տեղափոխությունից մեկ ամիս անց
Արցախից հարկադիր վերաբնակեցումից մեկ ամիս անց Դոնարան ամուսնու հետ Երևանում հացի փուռ է բացել։ Տեղափոխվելիս ռիսկի դիմելով որոշել են իրենց հետ վերցնել սարքավորումներ և դանակներ, հիշում է Դոնարան։
«Երբ 2023 թվականի սեպտեմբերին պետք է լքեինք Ղարաբաղը, ամուսինս ասաց՝ մենք մեզ հետ կվերցնենք ամբողջ տեխնիկան և այնտեղ կսկսենք մեր նոր բիզնեսը։ Նա նույնիսկ վերցրեց մեծ դանակները»,- ասում է Դոնարան։
Նա պատմում է, որ Լաչինի միջանցքում՝ անցակետն անցնելիս, ադրբեջանցի զինվորականները ուշադրություն են դարձրել դանակներին։
«Թուրքերը հարցրին՝ ո՞ւր եք տանում դրանք։ Պատասխանեցի, որ անհրաժեշտ են աշխատանքի համար։ Հայաստանում գտանք փոքրիկ սրճարան, այն ամբողջությամբ կահավորված էր։ Ընդամենը մի երկու բան գնեցինք։ Ապրում ենք Երկրորդ Մասիվում և, հետևաբար, ավելի մոտ տեղ էինք փնտրում։ Կրտսեր որդիս փնտրեց և գտավ այդ վայրը մոտակայքում. հիմա այստեղ ենք աշխատում: Մենք սիրում ենք մեր աշխատանքը, մեր բոլոր հաճախորդները գալիս են»,- պատմում է Գասպարյանը։
Հացաբուլկեղենի խանութը բացվել է հոկտեմբերի 19-ին։ Առաջին օրերին դժվար էր, քանի որ ընդհանրապես վաճառք չկար, խոստովանում է Դոնարան։ Հետո, երբ նրա թոռնուհին Դոնարայի համար էջեր է բացել Instagram-ում և Facebook-ում, պատվերների թիվն աստիճանաբար ավելացել է։
«Մենք Facebook-ում հայտարարություն ենք տեղադրում, իմ թոռնուհին Instagram-ի էջ է բացել, որն ինքն է վարում։ Մարդկանց մեր մասին տեղյակ պահելու համար ցուցահանդեսների ենք մասնակցում և մեր արտադրանքը ներկայացնում որպես ղարաբաղյան դելիկատես»,- ընդգծել է կինը։
Օրական 70-80 պատվեր, բարձր հարկեր և առաքում արտասահման
Այժմ ժենգյալով հաց, արցախյան հաց, արցախյան փախլավա, հացաբուլկեղեն և այլ ապրանքներ թխում են արցախցի աշխատակիցները՝ Դոնարայի գլխավորությամբ։ Ինչպես ասում է Դոնարան, հացատունը նման է մեծ ընտանիքի, աշխատողները փոխարինում են միմյանց, որպեսզի արտադրությունը չդադարի, իսկ հաճախորդները միշտ տաք-տաք են ստանում իրենց ժենգյալով հացերը։
«Ժամը 9:00-ին նույնիսկ Էջմիածնից են աշխատողներ գալիս, ժամը 16:00-17:00-ն ավարտում ենք: Նրանք գնում են, իսկ ես մնում եմ մինչև երեկոյան 22։00-ն։ Ամուսինս ու տղաս օգնում են։ Մենք կատարում ենք առաքումներ և համագործակցում ենք Յանդեքսի առաքման հետ։ Օրական լինում է 70-80 պատվեր։ Այս ամառ գործերը լավ չեն ընթանում: Միգուցե սեպտեմբերից հետո ավելի զովանա, և վաճառքները բարելավվեն, տեսնենք…»,- հույս ունի Դոնարան:
Դոնարայի ամուսինն օգնում է նրան ապահովել, որ ժենգյալով հացը պարունակի կանաչիների բոլոր անհրաժեշտ տեսակները։
«Մենք գտնում ենք այն կանաչեղենը, որը մեզ անհրաժեշտ է: Պարզապես պետք է իմանալ համամասնությունները։ Սեպտեմբերի վերջից մինչև մայիս հասանելի են կանաչիների բոլոր 17 տեսակները: Հադրութցի ընկերներս սերմեր են բերել, այստեղ են տնկում, ես էլ նրանցից եմ գնում»,- կիսվել է կինը։
Բիզնեսը դեռ եկամտաբեր չէ, դժվար է հոգալ բոլոր ծախսերը, քանի որ Հայաստանում հարկերն ավելի բարձր են, քան Արցախում։ Ի տարբերություն Արցախի, որտեղ հարկերը վճարվում էին երեք ամիսը մեկ, Հայաստանում դրանք պետք է վճարվեն ամեն ամիս։ Ընտանիքում վեցն են, որոնց նույնպես պետք է պահել։ Արդյունքում՝ ամբողջ շահույթը գնում է գործառնական ծախսերը (հարկեր, հումք) ծածկելու համար, իսկ ամսվա վերջում հնարավոր է լինում զրոյական հաշվի վրա կանգ առնել։ «Ինչ-որ կերպ գլուխ ենք հանում»,- ասում է Դոնարան:
Նրա խոսքով՝ արցախցի գործարարները պետական աջակցության կարիք ունեն, օրինակ՝ հարկային բեռը թեթևացնելու հարցում։
«Եթե պետությունը օգներ հարկերի կրճատման հարցում, լավ կլիներ։ Ես խոսում եմ ոչ միայն իմ, այլ բոլոր ղարաբաղցիների համար»,- ասում է նա։
Եվ ավելացնում, որ իր գործերով զբաղվող հաշվապահը պատրաստ է ոչ ամեն ամիս աշխատավարձ ստանալ իր բիզնեսին աջակցելու համար։
«Մեր հաշվապահը շատ լավ մարդ է, ոչ յուրաքանչյուր ամիս է վերցնում աշխատավարձը, թեև առաջարկում եմ, ասում եմ՝ սա ձեր գործն է, բայց նա ընդունում է, որ չի կարող ամեն ամիս մեզանից գումար վերցնել։ Դժվար է առանց աջակցության և օգնության»,- նշում է նա:
Ցույց տալով նոր թխած հացը՝ Դոնարան ասում է, որ ժենգյալով հացից բացի որոշել են արցախյան հաց թխել ու պատրաստել՝ բիզնեսն ընդլայնելու և շահութաբերությունը բարձրացնելու համար։
«Հարսս էլ կոմպոտ է, ջեմ, թթու է պատրաստում… Սկսեցինք թխել մեր Ղարաբաղի թոնրի հացը, շատ լավ է ստացվում։ Թխում ենք օրական 20-25 հատ։ Մարդկանց դուր է եկել…»,- ասում է Դոնարան ու անմիջապես սուրճ է պատրաստում, որ մեզ թարմ խմորեղեն հյուրասիրի, քանի որ մինչ նկարահանումները հասցրել ենք փորձել ժենգյալով հաց։
Պատվերներ են ստանում նաև Հայաստանի մարզերից և դրսից, ասում է Դոնարան, և այնպես են փաթեթավորում, որ Եվրոպայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից հաճախորդները գոհ մնան։ Ճիշտ է, Հայաստանի մարզերում մեքենայով ուղարկելը դժվար է՝ առաքումը թանկ է և ձեռնտու չէ ո՛չ Դոնարային, ո՛չ հաճախորդներին։
«Մարզերից մի քանի անգամ զանգել են, ցանկացել են պատվիրել, բայց առաքման գինը բարձր է, և քանի որ չեն ուզում վճարել առաքման համար, ես չեմ կարող… Իսկ այսպես ամեն ինչ տեղ է հասնում։ Պատվերներ կան, խնդրում են սառեցնել, փաթեթի մեջ դնել, որպեսզի տանեն Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ և այլն։ Հարսանիքների ժամանակ մեզ հրավիրում են, այնտեղ ժենգյալ ենք պատրաստում, ու բոլորն ուրախ են»,- հավելում է նա։
Ինքը՝ ձեռներեցը, գոհ է հաճախորդների քանակից և կարծում է, որ պահանջարկի գրավականն արտադրանքի որակն է։ Նրա խոսքով՝ իր բոլոր հաճախորդները գիտեն, որ իրենց ժենգյալը հյութալի է, կանաչին՝ շատ, «ուստի հաճախորդներին վերջ չկա»։
«Եթե սիրում ես քո գործը, չես հոգնում։ Ցանկանում ես աշխատել ամեն օր: Նույնիսկ եթե մի փոքր վատ ես զգում, սիրելի գործն օգնում է: Ես շատ գոհ հաճախորդներ ունեմ, և նրանց թիվը գնալով ավելանում է։ Հուսով եմ, որ նրանց օգնությամբ իմ բիզնեսը կզարգանա»,- ասում է Դոնարան՝ հրաժեշտ տալիս գրկելով մեզ և տաք խմորեղեն հյուրասիրելով։
Հունիսի 5-10-ն Armenia Today-ը զրուցել էր արցախցի 20 գործարարի հետ, ովքեր իրենց բիզնեսը տեղափոխել են Հայաստան։ Հարցման մասնակիցները նշել էին, որ Հայաստանում զրոյից բիզնես սկսելը բավական բարդ է, և իրենք կառավարության աջակցության կարիքն ունեն։ Մեծամասնությունն անհրաժեշտ միջոցների թվում նշել է արտոնյալ վարձավճարը կամ հարկային արձակուրդները։ Ֆինանսների նախարարությունից Armenia Today-ին հայտնել էին, որ գերատեսչությունը չունի արցախյան բիզնեսին աջակցելու նմանատիպ ծրագրեր։ Նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արայիկ Եսայանն Armenia Today-ին հայտնել էր, որ արցախյան բիզնեսին արտոնություններ տալը տեղին չէ, քանի որ նախարարությունն այս ուղղությամբ քայլեր չի ձեռնարկել։ Նրա խոսքով՝ Հայաստանի հարկային օրենսդրությունն արդեն իսկ «բարենպաստ հնարավորություններ» է տալիս բիզնեսի համար։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանել էր, որ արցախցի հազարից ավելի անհատ ձեռնարկատեր արդեն գրանցված է Հայաստանում։ Փոխվարչապետը նաև վիճակագրական տվյալներ էր ներկայացրել Լեռնային Ղարաբաղից վերաբնակիչներին ՀՀ կառավարության կողմից ցուցաբերվող օգնության վերաբերյալ։ Մասնավորապես, 2023 թվականին սոցիալական խնդիրների լուծման համար հատկացվել է շուրջ 39 մլրդ դրամ։ 2023 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ ևս 4,2 մլրդ դրամ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ժամանակավոր կացության համար: Սոցիալական աջակցության ծրագրերի մասնակիցների թիվը 2023 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին կազմել է 111 800 մարդ, այդ թվում՝ 32 000 անչափահաս, իսկ փաստացի ֆինանսավորումը կազմել է 11,2 մլրդ դրամ։ 2024 թվականի առաջին վեց ամսում շահառուների թիվն ավելացել է ևս 2000-ով, ասել է փոխվարչապետը։
Դոնարա Գասպարյանի հացատունը գտնվում է Երևանի Նոր Նորք թաղամասում (Նոր-Նորքի 2-րդ զանգված, Թոթովենց 2/4): Ժենգյալով հաց կարելի է պատվիրել նաև Instagram-ի էջի միջոցով։