Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը բանաձև է ընդունել, որով Ադրբեջանից պահանջում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված բոլոր անձանց։
Բանաձևով պահանջվում է վերացնել բոլոր սահմանափակումները, որոնք խոչընդոտում են ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչների ազատ տեղաշարժը։ Պալատը հանձնարարել է իր նախագահին բանաձևի տեքստը պաշտոնապես փոխանցել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահին՝ «որպես խորհրդարանական երկխոսության և դիվանագիտության հանձնառության նշան»։
Բացի այդ, Լյուքսեմբուրգի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում՝ նոյեմբերի 28-ին և 29-ին կայանալիք նիստում, կներկայացնի արտակարգ քննարկման առաջարկ և կօգտագործի խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարավորությունները՝ անկախ քաղաքացիական հասարակությանը և խաղաղ հավաքների իրավունքին աջակցելու համար։
Բաքուն հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ Խոսքը նաև Արցախի նախկին ղեկավարների մասին է։
2023թ․ սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
Կարդացեք նաև՝ «Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն։