Նոյեմբերի 22-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի Սեբաստիա փողոցում բախվել են մայրաքաղաքի բնակիչ, 33-ամյա Մկրտիչ Ղ.-ի վարած Honda մակնիշի մոտոցիկլն ու «Գազել» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով մոտոցիկլավարը տեղում մահացել է, գրում է Shamshyan.com-ը։
«Բախման հետևանքով մոտոցիկլը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել: Մոտոցիկլավարը հայտնվել է նշված փողոցի թիվ 26 շենքի դիմաց և տեղում մահացել»,- մանրամասնել է կայքը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մոտոցիկլավարը ՀՀ ոստիկանության կրթահամալիրից էր, ոստիկանության կապիտան, պարեկ, որը նաև դասավանդում էր կրթահամալիրում։ Կայքի տվյալներով՝ մինչև 2025 թվականի հունիսը նա զրկված էր վարորդական իրավունքից: Նշվում է, որ դեպքի վայրում վթարից հետո միջադեպ է տեղի ունեցել։
«Դեպքի վայր է ժամանել մեկ այլ մոտոցիկլավար, ով սկսել է կոտրել «Գազելի» ձախ կողմի ապակիները: Պարեկները նրան տեղում վնասազերծել են և տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին: Նա Երևանի բնակիչ, 32-ամյա Հրաչյա Մկրտումյանն է»,- ասված է հրապարակման մեջ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը, հավելել է կայքը։