Դավիթ Խուդաթյանի՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում իշխանությունները դիտարկում են մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Մեխակյանն ազատամարտիկ Մեխակ Մեխակյանի որդին է, որը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» խմբակցության ցուցակով պատգամավոր էր ընտրվել։
2020-ի 44-օրյա պատերազմից հետո նա վայր էր դրել մանդատը՝ հայտարարելով, որ «այն, ինչ պատահել է Արցախի հետ, համարել և համարում է նախ և առաջ իր անձնական և ընտանեկան ողբերգությունը»։
«Ինչպես յուրաքանչյուր հայ, ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ»,- հայտարարել էր նա:
Մանդատը վայր դնելուց կարճ ժամանակ անց՝ 2020-ի դեկտեմբերին, Մեխակյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմավիրի մարզպետի տեղակալ էր նշանակվել։
Փաշինյանը նոյեմբերի 20-ին հայտնել էր, որ Խուդաթյանը կնշանակվի ՏԿԵ նախարար։ Ավելի ուշ կառավարության որոշմամբ Խուդաթյանն ազատվել էր մարզպետի պաշտոնից։ Նոյեմբերի 21-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Խուդաթյանը ՏԿԵ նախարար էր նշանակվել։
ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը հրաժարական էր տվել նոյեմբերի 18-ին։ Նոյեմբերի 19-ին Խաչատուրյանը հրամանագիր էր ստորագրել Սանոսյանի հրաժարականի մասին։ Նոյեմբերի 18-ին վարչապետը նշել էր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների պատճառը։