ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը X-ի իր էջում հրապարակել է ArmSat-1 ապարատի ուղեծրից արված Հայաստանի լուսանկարները՝ տարվա չորս եղանակներից։
«Մեր չքնաղ հայրենիքը Հայաստանն է տարվա տարբեր եղանակներին, որը ֆիքսվել է ArmSat-1 ապարատի ուղեծրից»,- գրել է նա։
Հայրապետյանը նոյեմբերի 11-ին «մանիպուլացիա» էր որակել մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե «արբանյակի համար նախարարությունը բյուջեից գումարներ է մսխել»։
ArmSat-1-ը տիեզերք էր արձակվել 2022-ի մայիսին։ 2023-ի դեկտեմբերին տիեզերք էր արձակվել «Հայասաթ-1» առաջին մասնավոր նախաձեռնության արբանյակը։
Հոկտեմբերի 12-ին ԲՏԱ նախարարությունից Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ նախարարությունը և Starlink ընկերությունը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքում ընկերության արբանյակային ցանցի գործարկման շուրջ։
Գործարար Իլոն Մասկը հոկտեմբերի 1-ին հայտարարել էր Հայաստանում Starlink-ի գործարկման հնարավորության մասին։ Հունիսի 14-ին Հայրապետյանը Վաշինգտոնում այցելել էր SpaceX ընկերության Starlink-ի գրասենյակ, քննարկել ընկերության հետ համագործակցությունը, ինչպես նաև առաջադեմ տեխնոլոգիաները Հայաստանում հասանելի դարձնելու հետ կապված հարցեր։