Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով և անթույլատրելի ենք համարում խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին՝ Անկախության օրվա շնորհավորական ուղերձում։
Նա նշել է, որ Հայաստանն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը։
«ՀՀ-ն գործուն մասնակցությամբ հայկական խաղաղապահ զորախմբի միջոցով իր ներդրումն է ունենում Լիբանանի անվտանգության ամրապնդման գործում»,- գրել է վարչապետը:
Նա հավելել է, որ Հայաստանի և Լիբանանի հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, փոխշահավետ համագործակցությունը և փոխադարձ հարգանքը, ինչը «լավագույնս բնորոշում է Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունների ներկայիս մակարդակը»:
Այսօր գիշերը Իսրայելի զինված ուժերը հարվածներ էին հասցրել Լիբանանի հարավում գտնվող էն-Նակուրա բնակավայրին՝ կիրառելով ֆոսֆորային զինամթերք։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։
Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: