ՀՀ ՊՆ-ն 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացնի։ Որոշման նախագիծը e-draft-ում շրջանառության մեջ է դրել Պաշտպանության նախարարությունը։
Ըստ նախագծի՝ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով:
Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ կառավարությունը շարունակելու է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը, ինչպես ներգրավված ուժերի, այնպես էլ տեխնիկական նոր լուծումների միջոցով, կատարելագործվելու է ՀՀ պետական սահմանի պահպանության համակարգը:
Կառավարությունն օգոստոսի 1-ից հոկտեմբերի 25-ը հայտարարել էր պահեստազորի ուսումնամարզական հավաքներ անցկացնելու մասին։
Նոյեմբերի 21-ի նիստում կառավարությունը հաստատել էր ձմեռային զորակոչի և զորացրման օրերը։ Զինված ուժերում ձմեռային զորակոչը կիրականացվի 2025 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը՝ 2025-ի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։