Դուբայից հայտնի աղանդերը կարող է ոչ միայն ուրախացնել քաղցրակերներին, այլև ոմանց օրգանիզմին լուրջ վնաս հասցնել, հայտնել է Voicemag-ը։
Ըստ կայքի՝ թեև Դուբայի շոկոլադը գրավում է իր էկզոտիկ տեսքով և պիստակի, քունջութի կամ այլ բաղադրիչների զարմանալի համադրությամբ, սակայն նրա մեկ սալիկը կարող է պարունակել ավելի քան 1000 կալորիա, ինչը չափազանց անցանկալի է այն մարդկանց համար, ովքեր փորձում են վերահսկել իրենց քաշը:
«Դուբայի շոկոլադը շաքարավազի և ճարպերի մեծ քանակությունից բացի կարող է պարունակել տրանս ճարպեր, որոնք վնասակար են սրտանոթային համակարգի համար։ Դրանք բարձրացնում են արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը՝ մեծացնելով աթերոսկլերոզի և սրտի հիվանդությունների վտանգը։ Այս մթերքից հատկապես պետք է խուսափեն սրտի հետ կապված խնդիրներ, շաքարախտ կամ բարձր խոլեստերին ունեցող մարդիկ»,- ասված է կայքում։
SHOT Telegram-ը տեղեկացրել է, որ Դուբայի շոկոլադ փորձած մոսկվացին այսօր՝ նոյեմբերի 22-ին, Քվինկեի այտուց է ստացել։ Նշվում է, որ ժամանակին շտապօգնություն են կանչել՝ հակահիստամինային դեղամիջոց ներարկելու համար։ Տուժողը վստահ է, որ ալերգիայի պատճառն այս աղանդերի մեջ պիստակի մածուկի բարձր պարունակությունն էր։