Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդներին դուրս բերելու Բաքվի պահանջները:
Վարչապետի խոսքով՝ հայկական կողմը Ադրբեջանին առաջարկել է ԵՄ դիտորդներին դուրս բերել երկու երկրների սահմանի սահմանազատված հատվածներից:
«Մենք Ադրբեջանին արել ենք հանդիպակաց առաջարկ՝ ասել ենք շատ լավ, եկեք այդ կարգավորումն անենք սահմանազատված հատվածների նկատմամբ, որովհետև սահմանազատված սահմանին օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա»,- հայտարարել է նա։
Փաշինյանը նաև հայտնել է անցյալում կատարված իրադարձությունների վերաբերյալ միմյանց դեմ միջազգային հայցերից ՀՀ-ի ու Ադրբեջանի փոխադարձ հրաժարվելու հնարավորության մասին:
«Եթե մենք տեսնում ենք, որ մենք իրական, ռեալ հասնում ենք խաղաղության և հաստատում ենք խաղաղություն, այսինքն՝ պայմանագիր ենք կնքում, ես կարծում եմ, որ կարելի է գնալ նման գործարքի, ինչը նշանակում է՝ ոչ իրենք մեր նկատմամբ, ոչ մենք իրենց նկատմամբ հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պետք է չներկայացնենք և հրաժարվենք հայցերից, փոխադարձաբար»,- ասել է նա:
Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ պայմանավորվածությունը «բավարար է» ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին հույս էր հայտնել, որ ԵՄ դիտորդները կմնան Հայաստանում այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքվել։ Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Բրյուսելը դիտարկում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգելու հարցը։
2023 թվականի փետրվարի 20-ին Եվրամիությունը Միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում մեկնարկել էր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում (EUMA) և ունի երկամյա մանդատ։ 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն որոշել էր Հայաստանում իր դիտորդների թիվը 138-ից հասցնել 209-ի: ԵՄ առաքելության օպերատիվ շտաբը գտնվում է Եղեգնաձորում։ Առաքելության նպատակն է կայունացնել իրավիճակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, ամրապնդել հակամարտություններից տուժած շրջաններում մարդկանց վստահությունն ու անվտանգությունը և ԵՄ աջակցությամբ ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող պայմաններ։
Մանրամասները՝ տեսանյութում։