Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում հայ-ռուսական համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան։
Այսպես է նա մեկնաբանել «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում Հայաստանի հնարավոր մասնակցությունը նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ խորհրդի նիստին։
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համեմատելի իրական այլընտրանքներ չկան։ Ռուսաստանը հավատարիմ է իր պարտավորություններին` ապահովելու Հայաստանի անվտանգությունն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով»,- նշել է Կոպիրկինը։
Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան ակնկալում է հայ գործընկերների ակտիվ ներգրավվածությունը Եվրասիական մայրցամաքում հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի մշակման համատեղ ջանքերին։
Նա հիշեցրել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ամուր տնտեսական կապերը և ընդգծել ԵԱՏՄ մարմինների կարևորությունն այնպիսի խնդիրների լուծման գործում, ինչպիսիք են առևտրային և վարչական խոչընդոտների վերացումը, անդամների անցումը ընդհանուր չափանիշներին և Եվրասիական երկրների գերատեսչությունների միջև հստակ համակարգման ստեղծումը:
Հենց այս գործոններն էլ նպաստել են, որ Ռուսաստանը դառնա Հայաստանի տնտեսության առաջատար ներդրողներից մեկը՝ մոտ 4 միլիարդ դոլարի կուտակված ներդրումների ընդհանուր մակարդակով, նշել է Կոպիրկինը։
«Եթե խոսենք կոնկրետ թվերի մասին, ապա արդեն 2024 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 8,3 միլիարդ դոլարի շեմը՝ գերազանցելով ամբողջ նախորդ տարվա ցուցանիշը (7,4 միլիարդ դոլար), ռեկորդային 14-16 մլրդ դոլար»,- մանրամասնել է դեսպանը։
Նա հայտարարել է, որ Մոսկվան աշխատում է Հայաստանում համատեղ տնտեսական նախագծեր սկսելու ուղղությամբ, որոնք շոշափելի ներդրում կունենան արդյունաբերության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման և բյուջեի հարկային մուտքերի ավելացման գործում։
Կոպիրկինը նաև մեկնաբանել է մինչև տարեվերջ Երևանի և Բաքվի միջև հնարավոր խաղաղության ստորագրումը և ընդգծել, որ «տարածաշրջանի համար ճակատագրական փաստաթուղթը» պետք է հիմնված լինի «փոխադարձ բոլոր մտահոգությունների արդարացի կարգավորման վրա՝ առանց կողմերից որևէ մեկի համար ցավոտ լուծումների»։
Նա հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին և Բաքվին հարաբերությունների կարգավորման հարցում՝ հավելելով, որ նման օգնության ձևերն ու ծավալները պետք է ընտրեն հենց իրենք՝ բանակցային գործընթացի մասնակիցները։
Դեսպանի խոսքով՝ Երևանի և Բաքվի միջև փոխզիջումների հասնելը բարդ և ժամանակատար գործընթաց է։
«Այս առումով մենք ուրախ ենք, որ հոկտեմբերի 24-ին Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներ տեղի ունեցան, ինչը հնարավորություն տվեց օգտակար ազդակ հաղորդել հարաբերությունների կարգավորման երկխոսությանը»,- հավելել է Կոպիրկինը։
Դիվանագետը կարծում է, որ Հայաստանի իշխանություններին ժամանակ է պետք BRICS-ի գործունեությանն ավելի մոտիկից ծանոթանալու և միջազգային այս կազմակերպության նկատմամբ իրենց դիրքորոշումը հայտնելու համար։
Հարթակի գրավչությունը Երևանի համար մեծացնում է նաև այլ գործընկերների՝ Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի և ԱՄԷ-ի ներկայությունը, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի՝ կազմակերպությանը միանալու վրա կենտրոնանալը թույլ է տալիս ասել, որ ողջ Հարավային Կովկասը զգում է BRICS-ի ձգողականությունը, եզրափակել է դեսպանը։
2023 թվականի ապրիլին դեսպանն Armenia Today-ին տված հարցազրույցում գնահատել էր հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը, Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում և մեկնաբանել ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանի մասնակցության հետ կապված իրավիճակը։
Կոպիրկինն ասել էր, որ կազմակերպության վերաբերյալ Երևանի հարցերը ծագել են տարածաշրջանային համատեքստում, սակայն «բացարձակ անարդար է» ասել, որ ՀԱՊԿ-ը բավարար ուշադրություն չի ցուցաբերել իրավիճակին։ Ռուսաստանը ոչ մի կերպ չի հրաժարվում Հայաստանի հետ համապատասխան պայմանագրերով ստանձնած պարտավորություններից, ընդգծել էր նա։