Անհատ տաքսու վարորդներն առանց լիցենզիայի չեն կարողանում ծառայություն մատուցել «Զվարթնոց» օդանավակայանում, այդ մասին Ազգային ժողովում՝ խորհրդարանականների հետ փակ հանդիպումից առաջ, լրագրողներին հայտնել են վարորդները։
Խոսքը, մասնավորապես, այն վարորդների մասին է, որոնք տասնյակ տարիներ ծառայություն են մատուցել օդանավակայանում։
Վարորդները եկել են խորհրդարան՝ պարզաբանում պահանջելու կիրառվող արգելքի վերաբերյալ, որը, նրանց խոսքերով, որևէ որոշման կամ փաստաթղթի մեջ ամրագրված չէ։ Նրանք հանդիպել են «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» խբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հետ։
«Տաքսի ծառայություն մատուցելու ընթացքում մարդիկ դարձել են մշտական հաճախորդներ։ Մարդիկ զանգում են ու ցանկանում օգտվել մեր ծառայությունից կամ ինչ-որ մեկին առաջարկում են, որ մեզ դիմեն։ Մենք գալիս ենք օդանավակայան մարդկանց դիմավորելու, ասում են՝ չեք կարող մտնել, ու որևէ պարզաբանում չեն տալիս»,- լրագրողներին ասել է վարորդներից մեկը։
Նրա խոսքով՝ արգելքն իշխանությունները բացատրում են «ապօրինի տաքսի ծառայություն մատուցելու» հանգամանքով։
«Ոստիկանությունից ասում են, որ պետք է թույլտվություն լինի։ Պատճառաբանում են, որ ապօրինի տաքսի ծառայություն ենք մատուցում, ինչը որևէ տեղ գրված չէ»,- հավելել է վարորդը։
Վարորդը նշել է, որ առանց որևէ խոչընդոտի օդանավակայանում տաքսի ծառայություն մատուցելու համար պետք է լիցենզիա ստանալ, ինչը, սակայն, խնդիր է, քանի որ նաև մեծ ծախսեր է պահանջում։
«Օդանավակայանում լիցենզիա ստանալը մեծ խնդիր է։ Այնքան մեծ խնդիր, որ բոլորս պետք է նոր՝ գործարանային վառելիքով ավտոմեքենա ունենանք, իսկ մենք օրվա հացի խնդիր ենք լուծում, ու կուտակած գումար չունենք։ Խոսքը 200-300 ընտանիքի մասին է։ Մարդիկ 30, 40 տարի զբաղվել են նույն գործով, իսկ հիմա իրենց ասում են՝ գնացեք․․․»,- ասել է նա։
Վարորդը տեղեկացրել է, որ պարզաբանումներ ստանալու համար դիմել են ոստիկանություն, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանին, սակայն դեռ արձագանք չկա։
Հանդիպումից հետո Մինասյանը նշել է, որ մանրամասն քննարկել են տաքսու վարորդների բարձրաձայնած խնդիրները և պայմանավորվել, որ նրանք պետք է առաջարկների փաթեթ ներկայացնեն։
«Պայմանավորվածության համաձայն՝ առաջիկա 10 օրվա ընթացքում մեր քաղաքացիները կամ նախկինում տաքսի ծառայություն մատուցող մեր հայրենակիցներն առաջարկների փաթեթ պետք է մշակեն: Օրենքի կարգավորման առումով կա որոշակի անհամարժեքություն, բայց դա գալիս է ոչ միայն օրենքը մշակողներից, այլև ծառայություն մատուցող սուբյեկտների ձևավորված մշակույթից: Եթե մեր խնդիրը որակյալ ծառայություններ մատուցելու մեջ է, մեր քաղաքացիները, ովքեր այդ գործունեությունն իրականացնում են, իրենք էլ պետք է նպաստեն արդյունավետ համակարգի ձևավորմանը»,- ասել է Մինասյանը։
Թունյանի խոսքով՝ օրենքն ընդունվել է այն կիրառելու համար, ըստ այդմ չեն կարող ընդունել վարորդների այն առաջարկը, որը կապված է սահմանափակումները ժամանակավորապես չկիրառելու հետ։
«Որոշումը կայացվել է և օրենքը գործելու է, քանի որ օրենքն ընդունվել է կիրառման համար: Ընդ որում՝ օրենքը չի արգելում որևէ մեկին տաքսի վարել: Թեպետ առկա են վերջնական որոշման հետ կապված դժգոհություններ, բայց արդյունքում ամեն ինչ պետք է լինի կանոնակարգված և հստակ սահմանված, ինչը կնպաստի բոլորի համար ընդունելի կարգի հաստատմանը: Կարևորը հարցերի շուրջ ընդհանուր որոշումներ ունենալն է, ընդհանուր համաձայնությունը»,- հավելել ՔՊ պատգամավորը։
2021-ին ԱԺ-ն ընդունել էր օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում էր կանոնակարգել օդանավակայանների տարածքում տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը։ Մասնավորապես, սպասարկման որակը բարձրացնելու համար օդանավակայանի մարդատար տաքսիներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար վարորդները պետք է ունենան Ա տիպի լիցենզիա, որի պետական տուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում է տարեկան 200.000 դրամ: