Դատարանը երկու անձի կալանավորել, իսկ երկուսին տնային կալանքի է ենթարկել Եղեգնաձոր քաղաքում խուլիգանություն և առևանգման փորձ կատարելու մեղադրանքով, հայտնել է ՔԿ-ն։
Ըստ հայտարարության՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Եղեգնաձորի Սպանդարյան փողոցի խանութի բակում Ա.Ս.-ն իր ընկերների հետ վիճաբանել է Վ.Ղ.-ի և նրա ընկեր Ռ.Վ.-ի հետ։
Վ.Ղ.-ն հեռախոսով խոսելու ընթացքում բարձրաձայն հայհոյանք հնչեցնելու համար Ա.Ս.-ին դիտողություն է արել։ Դրանից հետո միջադեպի մասնակից Ս.Ա.-ի հետ նա շարունակաբար հայհոյել և քաշքշել են Վ.Ղ.-ին ու Ռ.Վ.-ին։
Ապա Ա.Ս.-ն առաջարկել է այլ վայրում պարզաբանումները շարունակել, բռնել է Վ․Ղ․-ի հագուստից և քաշելով մոտեցրել «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենային: Ա.Ս.-ին են միացել նաև նրա ընկերներ Ս.Ա.-ն և Մ.Հ.-ն, ովքեր նույնպես բռնել են Վ.Ղ.-ի հագուստից և նրան քաշել մեքենայի կողմ։ Ս.Ա.-ն ընկերոջ գոտկատեղից վերցրել է 9 մմ տրամաչափի ատրճանակն ու այն պահել Վ․Ղ․-ի գլխին՝ պահանջելով նստել ավտոմեքենան: Նա 1 անգամ օդ է կրակել, սակայն Ռ.Վ.-ն միջամտել է և Վ.Ղ.-ին մեքենայից դուրս բերելով հեռացրել։
Ա.Ս.-ի և Ս.Ա.-ի նկատմամբ ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանություն մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով) և 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով (Մարդու առևանգում զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, մի խումբ անձի կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով), իսկ Մ.Հ.-ի և Ռ.Հ.-ի նկատմամբ՝ ՔՕ 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով, հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրանց մեղադրանքներ են ներկայացվել:
Ա.Ս.-ի և Ս.Ա.-ի նկատմամաբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Մ.Հ.-ի և Ռ.Հ.-ի նկատմամբ՝ տնային կալանքը: