Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք Հավաքական անվտագության պայմանագրի կազմակերպության միջոցառումներին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը:
Նա միևնույն ժամանակ նշել է, որ «Հայաստանը չի առարկում, որպեսզի ծրագրված փաստաթղթերն ընդունվեն»։
Նոյեմբերի 25-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում ՀԱՊԿ շրջանակներում հայ-ռուսական համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն չի արգելափակում նրա որոշումները։ Հունիսի 13-ին Փաշինյանը խորհրդարանում 2023 թվականի բյուջեի կատարման քննարկմանն հայտարարել էր, որ Երևանի հաջորդ «տրամաբանական քայլը» կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Փաշինյանը վերաբերմունքը փոխելու պայման էր համարել Բելառուսի դուրս գալը կազմակերպությունից, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներողությունը հայ ժողովրդից՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ Բաքվին աջակցելու խոսքերի համար։
Օգոստոսի 20-ին ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը հայտարարել էր ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հանդեպ պարտավորությունների անփոփոխ լինելու մասին։