Ադրբեջանի 2025 թվականի պետբյուջեի առաջնահերթությունը լինելու է Զինված ուժերի կարողությունների զարգացումը և Արցախի տարածքների բնակեցումն ադրբեջանցիներով, հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Գաֆարովան Բաքվի օրակարգի հիմք է համարել 2020-2023 թվականներին Արցախի օկուպացված տարածքների ինտեգրումն Ադրբեջանի տնտեսությանը:
Մայիսին Ադրբեջանը 414 մլն դոլարով ավելացրել էր 2024 թվականի պաշտպանության և անվտանգության ծախսերը: Սեպտեմբերին Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հայտարարել էր հաջորդ տարի պաշտպանության և ազգային անվտանգության վրա մոտ 3,9 մլրդ դոլար ծախսելու պլանների մասին, ինչը կազմում էր բյուջետային ծախսերի 16,8%-ը:
Նոյեմբերին Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտնել էր, որ 2025 թվականին պաշտպանական ծախսերը կկազմեն մոտ 5 մլրդ դոլար։ Պաշտպանական ծախսերի աճը նա բացատրել էր Հայաստանի քաղաքականությամբ, որն, իբր, «լայնածավալ ռազմականացում» է։