ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմն ուսումնասիրելու հարցով դիմել է Դատախազություն, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ ԿԳՄՍ-ն դիմել է «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ վերլուծելու, թե որքանով ֆիլմը կարող է նպաստել դեռահասների բացասական վարքագծին: ՊՈԱԿ-ը հաստատել է գերատեսչության մտահոգությունները:
«Ըստ ՊՈԱԿ-ի եզրակացության՝ ֆիլմի դիտումը կարող է հանգեցնել այնպիսի բացասական վարքային դրսևորումների ընդօրինակման, ինչպիսիք են՝ անչափահասների կողմից ծխախոտի օգտագործումը, միմյանց հանդեպ անհարգալից վերաբերմունքը, բացասական վարքի տարաբնույթ դրսևորումները և այլն։ Հաշվի առնելով կրտսեր դպրոցականների և դեռահասների սոցիալական ընդօրինակման մեխանիզմներով վարքային դրսևորումների պայմանավորվածությունը՝ նմանօրինակ ֆիլմի դիտման արդյունքում երեխան կարող է նույնականացնել իրեն գլխավոր հերոսների հետ և անգիտակցաբար կիրառել նույնատիպ վարքագիծ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ եզրակացության՝ ֆիլմի գրեթե բոլոր հերոսներն աչքի են ընկնում խոսքային հաղորդակցման անընդունելի դրսևորումներով, քրեական ենթամշակույթ կրող անձանց բնորոշ ժեստերի կիրառմամբ, ինչը ևս կարող է ընդօրինակվել երեխայի կողմից:
ԿԳՄՍ նախարարությունը խիստ մտահոգիչ և անընդունելի է համարել քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող ֆիլմում անչափահասների ներգրավվածությունը և մասնակցությունը:
Վարդանյանը 2009-2011 և 2017-2018 թվականներին Երևանի քաղաքապետի խորհրդականն էր։ 1999 թվականից ներգրավված է ֆիլմարտադրության մեջ՝ որպես պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ և դերասան։