«Քաղաքացիական պայանագիր» կուսակցության վարչության նիստում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը վիճել են, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղազարյանի մանդատի հարցը քննարկելիս Միքայելյանը հայտարարել է, որ խնդիրը միայն հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումները չեն, երբ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը և Աղազարյանը վիճել էին։
«Միքայելյանն ասել է, որ Աղազարյանի անունը շրջանառվում է կոռուպցիոն պատմության մեջ․ նա նկատի է ունեցել ոչխարների պատմության գործով քրեական վարույթը, որը հարուցվել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա։ Այդ անձը նշել է, որ պատգամավորը 100 հազար դոլար կաշառք է պահանջել՝ սկսնակ գործարարին աջակցելու, ոչխարների արտահանումը կազմակերպելու համար»,- ասված է հրապարակման մեջ։
Աղազարյանը զայրացել է «կոռուպցիոներ», «կաշառք վերցնող» որակումներից և պատասխանել է Միքայելյանին՝ ակնարկելով պատգամավորների ունեցվածքի մասին։
«Աղազարյանն ասել է՝ կաշառքը ես եմ վերցնում, դղյակներն ուրիշնե՞րն են կառուցում։ Ասել է՝ միլիոնանոց բիզնեսներ են դրել ու հարստացել «այստեղ նստածներից շատերը»։ Ներկաները չեն համարձակվել Աղազարյանից անուններ պահանջել, քանի որ վարչության անդամների մեծ մասը և, հատկապես, Միքայելյանն իշխանափոխությունից հետո են միլիոնատեր դարձել»,- եզրափակել է թերթը։
Նոյեմբերի 21-ին «Հրապարակ»-ը հայտնել էր, որ ՔՊ վարչության բոլոր ներկայացուցիչները, Փաշինյանի գլխավորությամբ, միաձայն հաստատել էին Աղազարյանի՝ մանդատից հրաժարվելու անհրաժեշտությունը։ Ըստ աղբյուրի՝ պատգամավորը նշել էր, որ միայն այն ժամանակ վայր կդնի մանդատը, երբ ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանն ապացուցի հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում արած այն հայտարարությունը, թե ինքը միջնորդել է որդու համար։
Հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում Աղազարյանը ՔԿ ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։ ՔԿ ղեկավարն, իր հերթին, պատգամավորին խնդրել էր մեկնաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են պատգամավորի տղայի հետ կապված քրեական գործով, ինչից հետո իրավիճակն ավելի էր թեժացել։
Հոկտեմբերի 23-ին Փաշինյանը հայտարարել էր, որ միջադեպերի հետ կապված «կան կարգապահական վարույթներ, և դրանց արդյունքներով կկայացվեն համապատասխան որոշումներ»։ Հոկտեմբերի 28-ին Աղազարյանի և Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Նոյեմբերի 19-ին Փաշինյանը որոշումներ էր ստորագրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, Քյարամյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նույնպես հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Նոյեմբերի 18-ին վարչապետը նշել էր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների պատճառը։