Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300 և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվել են երկրի հակաօդային պաշտպանության համար, հայտնել է հունական Enikos պորտալը։
Ըստ կայքի՝ Հունաստանի զինված ուժերի ղեկավարությունը վճռական է տրամադրված հունական ռազմական զինանոցից դուրս բերել ռուսական զենքի համակարգերը և արմատապես փոխարինել հին համակարգերը նոր արևմտյան տեխնոլոգիաներով։ Ըստ պորտալի՝ «Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը Հայաստանին ռուսական արտադրության սպառազինության համակարգեր տրամադրելու առաջադեմ փուլում է»։
Լրատվականը նշել է, որ «նախկինում ենթադրվում էր, որ այդ համակարգերը կարող են փոխանցվել Ուկրաինային, սակայն Գլխավոր շտաբը դիտարկում է այլ՝ ոչ պակաս շահավետ այլընտրանքներ»։ Ըստ առկա տեղեկատվության՝ Հայաստանի պաշտպանության ուժեղացումը զուտ հունական նախաձեռնություն չէ, այլ Ֆրանսիայի հետ համագործակցության արդյունք, որը նույնպես կնպաստի այս երկրի սպառազինմանը, հավելել է կայքը։
Աթենքի համար Կիևի փոխարեն Երևանի հզորացումը ռազմավարական ընտրություն է բազմաթիվ պատճառներով, շարունակում է պորտալը։ Առաջին հերթին՝ դաշնակցային շատ սերտ կապերի, նորագույն պատմության ընդհանուր ջանքերի, ինչպես նաև ընդհանուր կրոնական համոզմունքների շնորհիվ։ Բացի այդ, ուժեղ Հայաստանը հակակշիռ կլինի անհաշտ Թուրքիային, որը բացահայտ ուժեղացնում է Ադրբեջանը, նշված է հրապարակման մեջ։
«Իսրայելական արտադրության ՀՕՊ համակարգերը, որոնք պետք է փոխարինեն ռուսական համակարգերին Հունաստանում, ներառում են «Դավթի պարսատիկը»՝ բալիստիկ հրթիռներով՝ մինչև 300 կմ հեռահարությամբ, «Բարակ MX»-ը՝ 35-ից՝ մինչև 150 կմ և Spyder-ը՝ 20 հեռահարությամբ՝ մինչև 50 կմ»,- նշել է հարթակը։
ՀՀ ՊՆ-ն ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է հունական լրատվամիջոցների տեղեկությունները մեկնաբանելու Armenia Today-ի հարցումը։
Հուլիսի 12-ին Հայաստանի ԱԺ-ն վավերացրել էր Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման համաձայնագիրը։
Ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Նիկոս Դենդիասն ստորագրել էին 2023 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Աթենքում։ Դենդիասը մարտին հայտարարել էր Հայաստանի, Հունաստանի, Ֆրանսիայի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում քառակողմ համագործակցության մասին: