ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին կհրավիրեն Հակակոռուպցիոն կոմիտե և կհարցաքննեն այն քրեական գործով, որով անցնում է ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթը հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ պատգամավորի որդու՝ Վահե Աղազարյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է 2023 թվականի օգոստոսի 1-ին և վերաբերում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» և «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումներին։
Կայքը հայտնել էր, որ հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում Աղազարյանի և ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած վեճից հետո Քյարամյանը Հակակոռուպցիոն կոմիտեում տված իր ցուցմունքում նշել էր, որ պատգամավորը երկու անգամ որդու գործով իրեն է դիմել։
Նոյեմբերի 21-ին «Հրապարակ»-ը հայտնել էր, որ ՔՊ վարչության բոլոր ներկայացուցիչները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, միաձայն հաստատել էին Աղազարյանի՝ մանդատից հրաժարվելու անհրաժեշտությունը։ «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ Աղազարյանը մտադիր չէ մանդատը վայր դնել։
Հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում Աղազարյանը ՔԿ ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։ ՔԿ ղեկավարն, իր հերթին, պատգամավորին խնդրել էր մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են պատգամավորի տղայի հետ կապված քրեական գործով, ինչից հետո իրավիճակն ավելի էր թեժացել։
Հոկտեմբերի 23-ին Փաշինյանը հայտարարել էր, որ միջադեպերի հետ կապված «կան կարգապահական վարույթներ, և դրանց արդյունքներով կկայացվեն համապատասխան որոշումներ»։ Հոկտեմբերի 28-ին Աղազարյանի և Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Նոյեմբերի 19-ին Փաշինյանը որոշումներ էր ստորագրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, Քյարամյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նույնպես հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Նոյեմբերի 18-ին վարչապետը նշել էր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների պատճառը։