ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողներին պատմել է իրեն մանդատից զրկելու հարցով նոյեմբերի 25-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ունեցած հանդիպման մասին:
«Կուզենայի, որ Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին»,- լրագրողներին ասել է պատգամավորը՝ չբացահայտելով, թե ինչ է իրեն ասել ԱԺ խոսնակը։
Միևնույն ժամանակ՝ նա նշել է, որ խոսքը վիրավորանքի մասին չէ։
«Ուր էր թե վիրավորանք լիներ ու պատասխանն ստանար։ Վատ բան չի ասել, բայց ճնշել է ուրիշ իմաստով»,- արձագանքել է պատգամավորը։
Նա հաստատել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունն այն մասին, որ իր հեռախոսը իրավապահների մոտ է՝ պարզաբանելով, որ «կամավոր տվել է» այն, թեև որևէ գործով որպես մեղադրյալ չի անցնում։
Վերահաստատելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մանդատը վայր դնելու առաջարկ է ստացել, պատգամավորն ընդգծել է, որ «ազդվել է» նրա խոսքերից։
Մանդատը վայր դնելու որոշում Աղազարյանը դեռ չի կայացրել, սպասում է Մոսկվայում բնակվող մանկության ընկերոջ հետ խորհրդակցությանը։
«Երեկ հեռախոսազանգ եմ ստացել իմ մանկության ընկերոջից։ Նա ասաց, որ կնեղանա ինձանից, եթե առանց իրեն տեսնելու արձագանքեմ վարչապետի խնդրանքին։ Սպասում եմ նրա գալուն»,- ասել է Աղազարյանը՝ չբացահայտելով ընկերոջ անունը։
ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հերքել է, որ Աղազարյանի նկատմամբ ճնշումներ են գործադրվել։ Նա նշել է, որ վարչապետի՝ պատգամավորին մանդատը վայր դնելու խնդրանքի մեջ հակասահմանադրական քայլ չկա։
«Քաղաքական թիմում կա քաղաքական պատասխանատվության էլեմենտ և այն պետք տարբերել իրավական պատասխանատվությունից։ Պաշտոնի տեղափոխությունների դեպքում նշանակումները պետք է ունենան որոշակի կանոններ, որոնք քաղաքական են»,- հավելել է Վարդանյանը։
Նոյեմբերի 21-ին «Հրապարակ»-ը հայտնել էր, որ ՔՊ վարչության բոլոր ներկայացուցիչները, Փաշինյանի գլխավորությամբ, միաձայն հաստատել էին Աղազարյանի՝ մանդատից հրաժարվելու անհրաժեշտությունը։ Ըստ աղբյուրի՝ պատգամավորը նշել էր, որ միայն այն ժամանակ վայր կդնի մանդատը, երբ ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանն ապացուցի հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում արած այն հայտարարությունը, թե ինքը միջնորդել է որդու համար։
Հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում Աղազարյանը ՔԿ ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։ ՔԿ ղեկավարն, իր հերթին, պատգամավորին խնդրել էր մեկնաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են պատգամավորի տղայի հետ կապված քրեական գործով, ինչից հետո իրավիճակն ավելի էր թեժացել։
Հոկտեմբերի 23-ին Փաշինյանը հայտարարել էր, որ միջադեպերի հետ կապված «կան կարգապահական վարույթներ, և դրանց արդյունքներով կկայացվեն համապատասխան որոշումներ»։ Հոկտեմբերի 28-ին Աղազարյանի և Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Նոյեմբերի 19-ին Փաշինյանը որոշումներ էր ստորագրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, Քյարամյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նույնպես հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Նոյեմբերի 18-ին վարչապետը նշել էր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների պատճառը։