Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուին որոշելու համար նախնական ընտրություն (փրայմերիզ) անցկացնելու մասին։ Քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-10-ը։
Նրա խոսքով՝ ՔՊ կուսակցության անդամների, համակիրների, համախոհների շրջանակից կառաջադրվեն կամ կինքնաառաջադրվեն թեկնածուներ, որից հետո Գյումրիի բնակչության շրջանում «որոշակի սկզբունքով» կիրականացվի քվեարկություն։
«Քվեարկության արդյունքներով հաղթած թեկնածուին կնշանակենք Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որը մեծ հավանականությամբ կլինի նաև մեր թեկնածուն Գյումրիի քաղաքապետի կամ ավագանու առաջիկա ընտրություններում»,- ասել է վարչապետը։
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոկտեմբերի 28-ին հրաժարական էր տվել։ Միաժամանակ՝ հրաժարական էին տվել նաև «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները։
Հոկտեմբերի 24-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» հայտնել էր, որ իշխանությունը Գյումրիում պատրաստվում է արտահերթ ընտրությունների, և թեկնածուի հարցը հստակեցրել են։ Հոկտեբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածուն «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Կարեն Սարուխանյանն է։
Նոյեմբերի 8-ին Գյումրիի ավագանու՝ քաղաքապետի ընտրության նիստը քվորում չլինելու պատճառով տապալվել էր։
Սարուխանյանի քեռորդի Վարուժան Խոջումյանը ՔՊ-ի Գյումրիի ավագանու անդամ Պարգև Գևորգյանի հետ նոյեմբերի 9-ին ձերբակալվել էր թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով։ Նոյեմբերի 13-ին Խոջումյանը հայտարարել էր ՔՊ-ից դուրս գալու մասին։
Նոյեմբերի 20-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սարուխանյանի՝ թմրանյութերի թեստը դրական արդյունք էր ցույց տվել։ Նոյեմբերի 22-ին Սարուխանյանը մեկնաբանել էր թմրանյութերի առկայությունն ստուգող իր թեստի դրական արդյունքի մասին լուրերը։ Պատգամավորը Facebook-ում թեստի արդյունքի լուսանկար էր հրապարակել և նշել, որ 20 նյութի վերաբերյալ տվյալներից 19-ն իր մոտ բացակայում է, իսկ 1-ը` բարբիտուրատները, առկա են։