Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո ՔԿ-ում «ուշքի չեն գալիս», կառույցում «քաոս է», իսկ ՔԿ-ից հայտարարել են, որ «քաոս չկա», գրել է «Հրապարակ» օրաթերթը։
«Քյարամյանի հեռանալու օրն աշխատանքից ազատման դիմում է գրել ՔԿ իրավաբանական վարչության պետ Արթուր Վարդանյանը՝ ասելով, որ չի պատկերացնում իր հետագա աշխատանքը ՔԿ-ում։ Այնտեղ իսկական քաոս է առաջացել, երբ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ նոր նախագահը դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանն է։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կառավարման ժամանակաշրջանում դատախազությունից դուրս եկած կադրերին Քյարամյանը սիրով ընդունում էր կոմիտե։ Այդ անձանցից ոմանք արդեն աշխատանքից ազատման դիմումներ են գրել, երբ իմացել են, որ Պողոսյանն է գալիս է ՔԿ»,- գրել է օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ աշխատանքից ազատման դիմում է գրել նաև ՔԿ տնտեսական հանցագործությունների ու մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ Արսեն Սիմոնյանը, որը մոտ մեկ տարի առաջ էր դատախազությունից Քննչական տեղափոխվել։
«Պողոսյանի հետ կոնֆլիկտի պատճառով էր նա հեռացել, որն այնքան լուրջ էր, որ Պողոսյանի անունը լսելուն պես դիմումը գրել է»,- հավելել է թերթը։
ՀՀ քննչական կոմիտեից թերթին հաստատել են պաշտոնյաների՝ աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին տեղեկությունը: Միևնույն ժամանակ՝ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը գրել է, որ կառուցում «քաոս չկա»։
«Լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։ ՔԿ-ում քաոս չկա։ Կոմիտեի ամբողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։ Կադրային շարժեր միշտ տեղի են ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և կազմակերպման վրա չի կարող էական, առավել ևս՝ քաոտիկ ազդեցություն ունենալ»,- գրել է թերթը։
Նոյեմբերի 19-ին Փաշինյանը որոշումներ էր ստորագրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, Քյարամյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նույնպես հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Նոյեմբերի 18-ին վարչապետը նշել էր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների պատճառը։